Վստահ եղեք, որ վարչապետի հրաժարականի հարցը կքննարկվի․ Թադևոս Ավետիսյան

մայիսի 31, 2022

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի հունիսի 3-ին ձեր նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին։ Ի՞նչ եք անելու։

- Ես այդպես էլ գիտեի, որ չեն մասնակցի, մասնակցեն, որ ի՞նչ անեն։ Իրենք այն վիճակում են, որ այդ հայտարարությունը չեն ընդունի։ Եվ հանրության համար շատ պարզ է դառնալու, որ իրենք գնում են հայրենիքը հանձնելու ճանապարհով։ Իրենց խաղը ժողովրդին մոլորեցնելն է, չմասնակցելով՝ թերևս մանիպուլիացիայի հնարավորություն են ստանում, չմասնակցելը անորոշություն է թողնում։

- ՔՊ–ն հայտարարել է, որ չեն ցանկանում մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, որի նպատակը Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելն է։

- Խոսքը մեր կարևորագույն, կենսական խնդիրների մասին է, որոնք որքան ներքաղաքական, այնքան արտաքին քաղաքական են, որքան տնտեսական, այնքան անվտանգային են և վերաբերում են ընդհանրապես մեր գոյատևմանն ու հայրենիք ունենալու խնդրին։ Ուղղակի լավ կլիներ, որ գային, իրենց ասելիքն ԱԺ-ում ասեին, և հանրության այն փոքր մասը, որ դեռևս մոլորված է նրանց ստերի մեջ, տեսներ ու հասկանար կեղծիքը։ Նրանք պետք է գային և հստակ ասեին, թե որոնք են մեր կարմիր գծերն այդ հարցերի շուրջ, կամ կարմիր գծեր չունենալու փաստը հաստատվեր։

- Ամեն դեպքում, հունիսի 3-ին դուք գնալո՞ւ եք ԱԺ։

- Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, կարող եմ մի բան հստակ արձանագրել, որ սա ոչ միայն արդար չէ, ազնիվ չէ, այլ բարոյական էլ չէ։ Թեև չեմ էլ զարմանում, որովհետև 44 օր մոլորեցնելով հանրությանը՝ գնացին պարտության ու կապիտուլյացիսյի։ Գիշերը, չգիտեմ՝ որ բունկերից, փաստաթուղթ ստորագրեցին, մինչդեռ խոստացել էին բաց, հրապարակային քննարկման առարկա դարձնել։ Մենք գործ ունենք անհայտ ծագման վարքագծի հետ։ Նրանք, ի վերջո, պետք է կանգնեն հանրության առաջ և ասեն, որ շարժվում են թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրած օրակարգով։

- Իսկ չե՞ք կարծում, որ ձեր նախագծի պահանջներում առկա՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի մասին ԱԺ հայտարարություն ընդունելը կարող է վնասել բանակցություններին։

- Դրանք այն նվազագույն կետերն են, որոնք անմիջականորեն բխում են մեր ազգային շահերից։ Եթե դրանցից որևէ մեկը խաթարված է, իսկ ես համոզված եմ, որ այսօրվա իշխանությունը չի պաշտպանում դրանք, մենք ունենալու ենք ազգային շահերի դեմ գործընթաց։ Բանակցային գործընթացում, եթե անգամ նրանք մի բան են մտածում, մեկ այլ բան անում են, ազնիվ չէ ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլ նաև մեր միջազգային գործընկերների, մեր այն ռազմավարական գործընկերների նկատմամբ, որոնք պարբերաբար մեզ աջակցում են և կանգնած են մեր կողքին։ Ձեզ հայտնի քաղաքական ուժի ղեկավարը պարբերաբար, երբ ատամը կտրել է, ասել է՝ ինչ ուզում եմ, բանակցում եմ։ Հիմա ատամը կոտրվել է, և չունի մանդատ։ Ընտրություններին ինքը չի ասել, որ Հայաստանը զիջումների ճանապարհով տանելով և Արցախը հանձնելով՝ պետք է պահպանի իր իշխանությունը։ Եթե ազնիվ լիներ ու ասեր, վստահ եմ, իր քաղաքական ուժը նույնիսկ խորհրդարան չէր անցնի։ Ընտրություններից շուրջ մեկ տարի հետո թող գան ու ասեն, որ խաբել են։ Եվ այդ պահից սկսած՝ կտեսնենք, ինքը կկարողանա՞ երկիր ղեկավարել, թե ոչ։ Մեր պահանջները ուտոպիստական չեն, նվազագույնն են, որ մենք այսօր պետք է դնենք։

- Իսկ հունիսի 3-ից հետո դուք խորհրդարան կվերադառնա՞ք։

- Մենք խորհրդարան վերադառնալու խնդիր ընդհանրապես չունենք։ Մենք ասում ենք մեր ընտրողներին, որ հանրության և ազգային օրակարգի շուրջ են մեր գործողությունները։ Այսօր այդ պահանջները խորհրդարանից դուրս են, երբ օրակարգը կտեղափոխվի խորհրդարան, կլինենք այնտեղ։ Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ եթե մի քանի պատգամավոր ավելի շատ քվե ունեն, ուրեմն, խորհրդարանն իրենց հոր սեփականությունն է։ Պատգամավորին հայ ժողովուրդն է ընտրել, մենք կոնկրետ հայ ժողովրդի առաջ քաշած օրակարգով ենք առաջ գնում։ Այստեղ խնդիրն այն չէ, որ մենք բողոքում ենք իշխանության գալու կամ իշխանություն վերցնելու համար։

- Հենց այդպիսի կարծիքներ էլ կան ձեր շարժման նկատմամբ։

- Ոչ, սա ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու խնդիր է։ Այդ օրակագով, ողջ ներուժով, վճռականորեն և առանց որևէ հնարավորություն բաց թողնելու՝ պայքարելու ենք։

- Նաև կարծիք կա, որ այս արտահերթ նիստը դուք նախաձեռնել եք, որ ԱԺ վերադառնալու հնարավորություն ստեղծեք։

- Ես չգիտեմ, թե դա ում կարծիքն է, ես չեմ կիսում այդ տեսակետը։ Ի վերջո, այս իշխանությունների հետ ես որևէ կոմպրոմիսի, ինչ-որ գործունեություն շարունակելու որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Խնդիրն ինչ-ինչ հարցերի նկատմամբ քաղաքականության տարբերությունը չէ, այսօր այս իշխանությունը մեր երկիրը տանում է ինքնիշխանության, հայրենազրկման ճանապարհով։

- Ամեն դեպքում, դուք առաջիկա հերթական նիստերին կմասնակցե՞ք։

- Եթե քննարկվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր վարչապետի ընտրության հարցը, այո։ Դա կլինի մեր պահանջներից մեկը։ Եթե օրակարգը լինի մեր պահանջների շրջանակում, մենք ամեն տեղ կլինենք։ Խորհրդարանը լինելու է այն վայրը, որտեղ գնալու ենք մեր օրակարգից բխող հարցերով։

- Բայց նրանք բացառում են հրաժարականը և հիշեցնում, որ երկրի ղեկավարը ընտրությունների միջոցով է ընտրվում։

- Այս 4 տարում իրենք շատ բաներ են ասել ու հակառակն արել։ Եվ Ձեր ասածը բավական դրական է՝ որ այդպես են ասում, ուրեմն, կարող են ճիշտ հակառակն անել։

- Կարո՞ղ է՝ վարչապետի հրաժարականի հարց քննարկվի։

- Վստահ եղեք, որ այդպես է լինելու։

- Դուք ասում եք, խորհրդարան կգնաք ձեր օրակարգով։ Բայց իրենք մեծամասնություն են, ինչ կուզեն, դա էլ կքննարկեն ու, ինչպես տեսնում եք, մերժում են ձեր օրակարգը։

- Իրենք լեգիտիմությունը չունեն։ Հիմա իրենք մեծամասնություն են, որովհետև խաբել են ժողովրդին, իրենք չեն ասել, որ հայրենիք են հանձնելու, որ Արցախ են հանձնելու, որ մեր սուվերեն տարածքը մաս-մաս թուրքին են տալու։ Նիկոլը չունի ժողովրդի մանդատը, որ մեր հայրենիքը հանձնի։ Իսկ մեծամասնություն լինելը շատ հարաբերական է։ Ի վերջո, մեր դիմադրության շարժումը և համաժողովրդական պայքարն ուղղված են հրաժարականին, ու դա հաջողելու է։ Մենք չունենք նահանջի որևէ պատճառ, վճռականորեն գնալու ենք առաջ։ Մենք շատ ենք, որովհետև մեր թիկունքին տասնյակ հազարավոր քաղաքացիներ ակտիվ պայքարում են, և ես վստահ եմ, որ մեր շարժումը գնալով ավելի մեծ թափ է ստանալու։ Վերջնարդյունքը լինելու է հայ մարդու հաղթանակը թրքահպատակ իշխանությունների նկատմամբ։

- Բայց ձեր շարժման մասնակիցները, եթե չասենք՝ պակասել են, ապա չեն էլ ավելացել այս մեկ ամսվա ընթացքում։

- Իշխանության կողմից տարբեր արբանյակներ կան, տարբեր հաշվարկներ ու գնահատականներ են ներկայացնում։ Ես հակառակ տպավորությունն ունեմ՝ մեր շարժումը ոչ միայն կայուն է, այլ մեկ ամիս շարունակ բողոքի գործողություններ են իրականացվում, և մարդիկ չեն հոգնում, այլ ամեն հաջորդ օրը ավելի վճռական են տրամադրված, և մեր շարքերն ավելանում են։

- ԱԺ-ից հաստատել են, որ ձեր պատգամավորներից ոմանք բժշկի թուղթ են ներկայացրել բացակայությունների համար։ Ովքե՞ր են նրանք։

- Տեղյակ չեմ։

- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ խիստ է լինելու անհարգելի բացակայած պատգամավորների նկատմամբ։ Մտահոգություն չունե՞ք, որ մանդատից կզրկվեք։

- Ալեն Սիմոնյանի ասածներն ինձ բացարձակ հետաքրքիր չեն։