Աննախադեպ ցուցանիշներ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

հունիսի 1, 2022

2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում չկորցրեց պահը և մատնանշեց կառավարության «շատ կարևոր քայլը». 2021-ի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին:

Նկատենք՝ արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկը վերադարձվում է տնտեսվարողներին և այդ հարկատեսակի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: Հարկային օրենսգրքով, եթե նախկինում վերադարձն արվում էր վեց ամիսը մեկ, ապա այժմ այն կատարվում է ամիսը մեկ անգամ: 

Փաշինյանը առանձնացնում է տնտեսվարողներին ԱԱՀ-ի վերադարձը, քանի որ նախորդ կառավարությունների համեմատ, իր ղեկավարած կառավարությունը մարել է տնտեսվարողներին ունեցած նախկինների պարտքերը:

«Ուզում եմ նաև շատ կարևոր մեկ բան հիշեցնել՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսվարողին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Ընդ որում, այդ գումարներից մոտավորապես 50 մլրդ դրամ կար, որը հուսահատ գումար էր, այսինքն՝ երբ 2017 թվականին ընդունվել էր նոր Հարկային օրենսգիրքը, այն ժամանակ կառավարությունն ասել էր՝ նախկինում մեր ունեցած պարտքերը դնում ենք մի կողմ, և մենք դրան չենք անդրադառնալու: 2019 թվականին, երբ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք արդեն տարվա կեսով, մտածեցինք՝ այդ գումարներն ինչպես ճիշտ օգտագործել, և որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որը մենք վերադարձրեցինք տնտեսվարողին: Մենք կարող էինք դա չանել, եկեք ուղիղ և անկեղծ ասենք, բայց ինչո՞ւ արեցինք: Որովհետև մենք համարեցինք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է, որ չի կարող այնպես լինել, որ պետությունն ինչ-որ մեկից գումար վերցնի հենց այնպես, և ինքը, այդ գումարի տերը չլինելով, ուղղակի չտա, ասի՝ ես այդ գումարը չեմ վերադարձնում ո՛չ հիմա, ո՛չ հետո և այլն», -նշել է գործադիրի ղեկավարը:

Նրա հպարտանալու հաջորդ թեման տնտեսական աճի ցուցանիշն էր, որը գերազանցել էր սպասելիքները. 2021-ին ակնկալում էին 3.1 տոկոս աճ, բայց փաստացի երկրի տնտեսությունն ունեցել է 5.3 տոկոս աճ:

«Բյուջեի կատարման ընթացքի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ մենք հարկերի հավաքման, հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու՝ նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց ամեն դեպքում այդ խնդիրը դրել ենք և պիտի փորձենք լուծել», -ասել է վարչապետը:

Աննախադեպ հաջորդ ցուցանիշը եկամտային հարկի վերդարձի բարձր տեմպն է: Համեմատելով 2017-ի ցուցանիշների հետ, երբ վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ, Փաշինյանը արձանագրել է. «Ամենապոպուլյարը, գիտեք, հիպոթեքային ծրագիրն է, և հիմա խնդրում եմ, ուշադրություն դարձրեք՝ 2021 թվականին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին վերադարձրածը: 1250 տոկոսով: Սա նշանակում է, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել, և նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի այդպիսի պրակտիկա գոյություն ունի»:

Վարչապետի մատնանշած մյուս «բացարձակ ռեկորդը» Հայաստանում ապրիլին գրանցված աշխատատեղերի քանակի աճն է: Այսպես՝ ապրիլի աշխատատեղերի թիվը 664 հազար 736 է, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 123 հազար 308-ով, այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել 123 հազար 308 նոր աշխատատեղ:

«Այստեղ հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց վճարվել է աշխատավարձ, և հաշվարկվել, վճարվել է եկամտային հարկ: Իհարկե, գիտեք, որ այստեղ, ցավոք, չունենք մեթոդաբանություն հստակ տարանջատելու՝ որ աշխատատեղերն են, որ դուրս են եկել ստվերից, և որ աշխատատեղերն են, որոնք նոր են ստեղծվել: Բայց ցուցանիշը կա և հստակ է, ընդ որում՝ անառարկելի է: Ուզում եմ ասել, որ եթե որևէ մեկը կառարկի, դա անառարկելի ցուցանիշ է», -ընդգծել է վարչապետը:

Պետական բյուջեի ծախսերից Փաշինյանն առանձնացրել է Արցախում իրականացված ծրագրերը և ընդգծել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի կառավարությունը Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով: Բացի այդ, Հայաստանի պետական բյուջեից Արցախ գումարի մի մասն ուղղվել է ուղիղ, մյուս մասը՝ Արցախի կառավարության միջոցով։ Այդ գումարով Արցախի բնակչության կոմունալ ծախսերն են փոխհատուցվել, պետական հատվածի համար վճարվել է աշխատավարձ, իրականացվել են այլ ծրագրեր:

«Ուզում եմ հետաքրքիր ամփոփիչ մեկ զուգահեռ անցկացնել. 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել մինչ այդ։ Դրանից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել: 2021 թվականին Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով։ 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», -հաջորդ աննախադեպ ցուցանիշն է ներկայացրել վարչապետը:

Ավելին, նա ասել է, որ 2022 թվակականին Հայաստանի պետական բյուջեից Արցախին կհատկացվի 144 մլրդ դրամ:

Փաշինյանը պետական բյուջեն համարել է ավելի շատ քաղաքական, քան ֆինանսական փաստաթուղթ: Նա ընդգծել է իր ղեկավարած քաղաքական ուժի վճռականությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ»,-ասացՆիկոլ Փաշինյանը: