Ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառելու, դա ոչ թե բռնի ուժ է, այլ ծառայողական պարտականությունների կատարում. Արմեն Խաչատրյան

հունիսի 3, 2022

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:

–ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս ասաց՝ իշխանությունը թույլ է տալու, որ ընդդիմությունը մինչև վերջ մաշի իր բոլոր հնարավորությունները: Ընդդիմությունը, օրենքի շրջանակում, ազատ չէ՞ իր գործողություններում:

–Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր ոք ունի իր քաղաքական իրավունքներն ու ազատությունները, և այդ իրավունքներն իրացնելու օրենքով սահմանված ձևերը: Դրանք հանրահավաքներն են, ցույցերը և այլն: Եթե իրենք այդ իրավունքներն իրացնում են օրենքով նշված սահմանների մեջ, ապա իրենք են ընտրում իրենց քաղաքական իրավունքներն իրացնելու ճանապարհներն ու մեթոդները: Պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք, որ քաղաքական իրավունքների իրացումը սահման ունի, և այդ սահմանն այնտեղ է, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Եթե արդեն այլոց իրավունքներն են սկսում սահմանափակվել կամ երբեմն ոտնահարվել, այստեղ արդեն պետությունն անելիք ունի և պետք է միջամտի: Իրավապահներն էլ երևի անելիք ունեն․ չպետք է թույլ տան, որ տվյալ քաղաքական ուժերի իրավունքների իրացմամբ խախտվեն այլոց իրավունքները։ 

–Իսկ ի՞նչ ասել է «մաշել» բոլոր հնարավորություններն ու գործիքները:

–ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել, որ իրենք օգտվում են իրենց բոլոր սահմանադրական իրավունքներից և իրավունքների ծավալից: Այն գործիքակազմը, որ ընտրված է, իրենք օգտագործում են ամբողջ ծավալով՝ քաղաքական նպատակներին հասնելու համար: Պարոն Սիմոնյանը վստահ է, որ որևէ քաղաքական նպատակի չեն հասնելու, այլ շատ հաճախ դրանք ի վնաս այդ քաղաքական ուժի են օգտագործվում: Իսկ այդ վնասը կարելի է բնութագրել նաև այսպես՝ նրանք սպառում ու մաշում են իրենց քաղաքական ռեսուրսները։

–Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները ընդդիմադիրների ակցիաների ժամանակ։ 

–Եթե լինում են հաղորդումներ, տեղեկություններ խոշտանգումների կամ ոչ համաչափ ուժի կիրառման մասին, անպայման այդ փաստերով իրականացվում են ծառայողական քննություններ: Այս պահին կան հարուցված այդպիսի կարգապահական վարույթներ, և եղած հաղորդումների հիման վրա գնահատականներ տրվեն ոստիկանության ծառայողների գործողություններին: Ծառայողական քննությունների ավարտից հետո պարզ կդառնա, թե որքան են իրավաչափ ու համաչափ եղել նրանց գործողությունները: Բայց եթե գնահատեմ ընդհանուր առմամբ, ապա ոստիկանության գործողությունները ես գնահատում եմ իրավաչափ, բավականին պրոֆեսիոնալ և ինչ-որ տեղ՝ հանդուրժող: Ոստիկանությունը գրեթե չի օգտագործում հատուկ տեխնիկական, անգամ անհատական պաշտպանության միջոցներ, որոնք ոստիկանը կարող է և երբեմն պարտավոր է կիրառել: Այո, որոշ իրավիճակներում առաջացել են վնասվածքներ, բայց պետք է հաշվի առնել, թե ինչպիսի իրադրություն է եղել ոստիկանությունը պարտադրված է դիմել ինչ-որ գործողությունների, նաև ուժի կիրառման, որպեսզի կարողանա կանխել իրավախախտումները: Եթե, իրադրությամբ պայմանավորված, ոստիկանը կատարել է իր ծառայողական պարտականությունները, այստեղ ևս մենք իրավաչափ վարքագծի հետ գործ ունենք՝ անկախ նույնիսկ պատճառված վնասների առկայությունից: 

–Շատերը, անդրադառնալով մայիսի 30-ին կառավարության մասնաշենքի դիմաց բախումներին, նշում են, որ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին, և դա հարված էր նախ իշխանությանը: 

–Ես, ինչպես նկատում եմ, ընդդիմությունը, ոստիկանության կողմից ուժի ցանկացած դրսևորում, ներկայացնում է որպես բռնի ուժ: Դա բռնի ուժ չէ, այլ ուժ է: Ուժ գործադրել նշանակում է իրավախախտներին հարկադրել որոշակի իրավաչափ վարքագիծ դրսևորել կամ կանխել և նախականխել իրավախախտումներն ու հանցագործությունները: Եթե համոզման մեթոդը չի անցնում, արդեն հարկադրանքի մեթոդով են դա անում, իսկ հարկադրանքը ենթադրում է ուժի կիրառում: Ոստիկանությունն այն մարմինն է, որն ունի ուժ կիրառելու իրավունք, և դա ոչ թե բռնի ուժ է, այլ իրենց ծառայողական պարտականությունների կատարում: 

–Ընդդիմությունը հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, և ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը դիմելով իշխանություններին, ասում է՝ տղա եք, եկե՛ք: Գնալո՞ւ եք այդ նիստին: 

–Եթե գալով ենք պայմանավորում տղայությունը, ապա Իշխան Սաղաթելյանը թող առաջինը իրեն և իր թիմակիցներին հարց տա, թե ո՞ւր են մինչև հիմա իրենք, որ ԱԺ չեն ներկայանում: Արդեն ամսից ավելի է, որ անհայտ պատճառներով չեն գալիս ԱԺ։ 

Ասում են՝ Արցախն ենք փրկում: 

–Արցախն են փրկում, բայց եթե ԱԺ նիստերի դահլիճ ներկայանալով ենք որակում տղայությունը, ապա տղայության խիստ կասկածներ կան հենց Իշխան Սաղաթելյանի ու իր թիմի հանդեպ: Բա ո՞ւր են մինչև հիմա, ինչո՞ւ չեն ներկայանում ԱԺ, որ կատարեն իրենց սահմանադրական պարտքը: 

–Իրենք հիմնավորում են, որ ավելի կարևոր գործով են զբաղված՝ հեռացնել այս իշխանությանը, կանխել երկրորդ կապիտուլյացիան և փրկել Արցախը:

–Ցանկացած պատճառաբանություն կարելի է բերել, որ փրկում ենք Արցախը, Հայաստանը, ապագան, անցյալը: Նման բազմաթիվ ձևակերպումներ կարելի է գտնել: Նույնիսկ ցանկացած իրավախախտ անձ, ցանկացած հանցագործ, երբ հարց ես տալիս՝ ինչո՞ւ ես հանցագործություն կամ իրավախախտում կատարել, գտնում է այն մեկնաբանությունները, պատճառաբանությունները, որից ելնելով՝ թույլ է տվել այդ հակաօրինական արարքները: Ես լուրջ չեմ վերաբերում իրենց այդ դիտարկումներին: Եթե ուզում են Արցախը փրկել, կարող են գնալ Արցախ, այնտեղ սահմաններին տեղադրել դրոշներ, բազմաթիվ գործողություններ կան, որոնք կարող են անել ի շահ Արցախի՝ սկսած տնտեսությունից, իրենց փողներն այնտեղ ծախսելուց, ներդրումներ անելուց, պաշտպանությանը մասնակցելուց: Թող գնան և փորձեն այդ քայլերով Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնել: Հայաստանի հրապարակներում, կենտրոններում հաստատ նման վարքագծով Արցախը չես փրկի: 

–Մի քանի ամսվա դադարից հետո աշխատանքն է վերսկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել է տեղեկությունը, որ Վարդան Օսկանյանը հրավիրվել է հանձնաժողով: Նա էլ հայտարարել է, որ չի ներկայանալու, որովհետև համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ են ու ազնիվ, առավելևս, համոզված չէ, որ այդ հանձնաժողովը կարող է երբևէ արդար ու օբյեկտիվ եզրահանգման գալ: Ի՞նչ եք անելու։ 

–Իր պատճառաբանությունն ամենևին չեմ ընդունում, որովհետև կարելի է միշտ այդպիսի պատճառաբանություններ բերել, կարելի է չներկայանալ քննչական մարմիններին, չներկայանալ դատարան, պատճառաբանել, որ վստահ չեմ, որ դատավորը օրինական որոշում կկայացնի, վստահ չեմ, որ քննիչն իր պարտականությունները օրինական կկատարի: Այդպես կարելի է սուբյեկտիվ ընկալումներ ունենալ և չներկայանալ այն վայրերը, որտեղ պարտավոր են ներկայանալ: Բայց ասեմ հետևյալը. եթե այս գործելաոճը շարունակվի, հնարավոր է, որ օրենսդրական փոփոխություններ իրականացվեն, և հանձնաժողովին ներկայանալը ոչ թե իրավունք լինի, այլ պարտականություն, իսկ պարտականությունը չկատարելու համար նախատեսվի որոշակի պատասխանատվություն՝ վարչական կամ քրեական:

–Ի՞նչն է խանգարել, որ դա այս ամիսներին չեք արել։ Օսկանյանն առաջինը չէ, Մովսես Հակոբյանը ևս հայտարարել էր, որ չի ներկայանալու, գեներալիտետի ներկայացուցիչները, որոնք այսօր հրապարակում են, ևս չեն ներկայանալու: Ինչո՞ւ եք սպասել՝ մերժումն ստանաք, նոր քայլ անեք: 

–Մենք դեռ չգիտենք, թե ովքեր կներկայանան, ովքեր՝ ոչ: Մենք համոզմունք ունեինք, որ գրեթե բոլորը կներկայանան հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև ժամանակին զբաղեցրել են պետական պաշտոններ, մասնակցել են Արցախի պաշտպանության ոլորտին առնչվող հարցերին, կայացրել են լուրջ որոշումներ, և իրենք հայ ժողովրդին հաստատ ասելու բան կունենան: Հաստատ ցանկացած պաշտոնյա ինքը պետք է շահագրգռված լինի, որ գա և պատասխանի ժողովրդի ընտրած պատգամավորների հարցերին: Հանձնաժողով չգալը այդ մարդկանց քաղաքական մահախոսականն է։ Օրենքով նախատեսված հաստատ հնարավորությունները կան, որոնք կստիպեն այդ մարդկանց ներկայանալ հանձնաժողով:

–Այսինքն, առաջիկայում հնարավոր է ԱԺ կանոնակարգ օրենքում համապատասխան փոփոխություննե՞ր արվեն։ 

–Բացառված չէ: Սա իմ կարծիքն է, բայց եթե նման գործելաոճը շարունակվեց, ես ինքս հաստատ առաջարկելու եմ նման փոփոխություններ իրականացնել: 

–Ինչո՞ւ է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առաջին հրավիրվածների ցուցակում։

–Որովհետև Վարդան Օսկանյանը զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը և մասնակցել է բանակցային գործընթացներին, բավականին մեծ ինֆորմացիաների է տիրապետում: Բոլորին հայտնի է, որ հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլը նվիրված է լինելու բանակցային պրոցեսին և ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծման պատճառներին: Բանակցային պրոցեսի ուսումնասիրության և քննելու համար տրամաբանական է, որ առաջինը ներկայացողները պետք է լինեն հենց ԱԳ նախարարները: 

–Սեյրան Օհանյանի նկատմամբ վարույթ է հարուցվել ապօրինի գույքի բռնագանձման մասով: Նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վահագնի թաղամասի առանձնատունը, որտեղ ապրում է, ինքը չի տիրապետել ու չի տիրապետում: Ինչո՞ւ է իշխանությունը փորձում վերցնել մի գույք, որը այդ անձին չի պատկանում: 

–Երևի այդ տանն էլ բնակվում է վարձակալության հիմունքներով կամ ինչ-որ մեկը իրեն է տվել, որ բնակվի: Բավականին տարածված պրակտիկա է, և ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, որ մեծ նյութական ու ֆինանսական կարողություններ ունեցող անձինք հաճախ իրենց միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը ձևակերպում են այլ անձանց անուններով, որպեսզի կապը չերևա: Սա շատ հայտնի պրակտիկա է, բայց դատախազության գործունեության իմաստը հենց հիմնավորելն է, որ դա Սեյրան Օհանյանինն է, որից հետո նոր բռնագանձման միջոցառումներին անցի: Հիմնավորվել է, որ դա Սեյրան Օհանյանինն է, որ վարձը մուծում են Սեյրան Օհանյանը կամ իր ընտանիքի անդամները, որ ինքն է բնակվում այդտեղ, ինչպես է ձեռք բերել, երբ է շինարարությունն իրականացրել, ով է իրականացրել: Այս ամենը վկաներով, համապատասխան դատավարական փաստաթղթերով հիմնավորված փաստ է: Ինքը կարող է, այո, վիճարկել այդ փաստերը, բայց դատախազությունն առանց այդ ամենը հիմնավորելու, հենց այնպես, կույր աչքերով չէր մտնի բռնագանձման հայցով: 

–Օհանյանը հայտարարում է, որ սա իր ընդդիմադիր լինելու հետևանքն է, որ ինքն Արցախի հարցում ունի հակաիշխանական կոշտ դիրքորոշում, և իր խոսքով, առանձնատան հարցը կապ ունի դիմադրության շարժման աճող ինտենսիվության հետ։

–Ի դժբախտություն բոլորիս ասեմ, որ ընդդիմադիրների մեծ մասը ընդդիմադիր են ոչ թե այն պատճառով, որ Արցախում խնդիրներ կան, այլ որովհետև իրենց գույքը պահպանելու խնդիր ունեն: Պարզվում է՝ ընդդիմադիրների մեծ մասը տնօրինում, տիրապետում է մի քանի միլիոնների, գուցե տասնյակ միլիոնների գույքի և ֆինանսական միջոցների: 

–Ուշացած չե՞ն այս գործողությունները: 

Իհարկե, լավ կլիներ, որ ավելի շուտ իրականացվեին այս գործողությունները, բայց փաստորեն, երբ այդ ամենը գնում է սահմանադրական ճանապարհով, օրինականության ճանապարհով, ճանապարհը երկարում է: Նախ օրենք ընդունվեց այդ նպատակով, օրենքը մինչ այդ բավականին լուրջ մշակումների փուլ անցավ, որից հետո ձևավորվեց դատախազության մի հսկայական ապարատ, որը կոնկրետ զբաղվում է կոնկրետ ապօրինի գույքի բռնագանձման գործերով, կադրեր ընդունվեցին: Այս ամենը ժամանակատար պրոցես է, և այդ ուշացումը օբյեկտիվ պատճառներ ունի: Սա 1-2 օրում անել հնարավոր չէր: