Վարչապետը 6 մլն դոլար պարգևատրում է, որպեսզի ոստիկանը փողոցում ծեծի իր հայացքները չկիսող քաղաքացիներին․ Աշոտ Սիմոնյան

հունիսի 3, 2022

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ։ 

–Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե իրենք թողնում են, որ ընդդիմության այս շարժումն ինքն իրեն մաշվի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: 

–Լուրջ չեմ վերաբերվում Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: Ընդդիմությունն ունի իր գործողությունները, իր ծրագիրը և այդ ծրագրով անպայման իշխանություններին զրկելու է իշխանությունից, որպեսզի երկիրը չտանեն վերջնական թրքացման:

–Որտեղի՞ց այդ վստահությունը, եթե շարժման տեմպը, կարծես, թուլանում է։ 

–Չի կարող հայ ազգը համակերպվել այս իրավիճակի հետ։ Հայաստանում իշխանության եկած քաղաքական թիմը՝ իր թիվ մեկ պատասխանատուով, Հայաստանի թրքացման, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու օրակարգ ունի: Բացառվում է, որ հայ ազգը նման օրակարգ հանդուրժի: Հայ ազգին ճանաչելուց է գալիս իմ այդ վստահությունը: 

–Դուք վերլուծե՞լ եք, թե ինչու շարժումը չունի հանրային լայն աջակցություն։

–Դուք հրապարակ եկե՞լ եք: Վերջին հանրահավաքին հաջորդած երթի տրամաբանությունը և մարդաշատությունը տեսե՞լ եք: Մեր շարժման դեմ հսկայական հակաքարոզչություն է գնում, այդ մարդիկ ամեն ինչ անում են իրենց կեղծն ու սուտը նորից հիմնավորելու: Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որ Հայաստանը տանեն «խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգով և դրա համար են հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց ներկայացնում 2-3 հազար: Երբ ասում եք՝ ո՞նց կհաջողեք, դա մեկ քաղաքական թիմի պայքարը չէ: Սա Հայաստանի թրքացման դեմ անկեղծ հայ մարդու պայքար է: Հիմա ով կգա, դրոշը իր ձեռքը կվերցնի, կկանգնի իմ կողքը կամ ես կկանգնեմ իր կողքը, օրակարգը մեկն է: Այսինքն՝ այնպես չէ, որ ես այս իշխանության հարկաբյուջետային կամ սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ ինչ-որ բան ունեմ, չնայած շատ լավ էլ ունեմ: Սա ամեն հայի վերաբերող հարց է: Մեր տեսակը թույլ չի տա, որ իշխանությունը 30-ամյա պատմության մեր ձեռքբերումները տանի ու հանձնի թշնամուն: Եթե իր կարճ խելքով կարծում է, որ դրանով ինքը խաղաղության դարաշրջան է բացելու, ապա չարաչար սխալվում է, որովհետև մեր թշնամուն ինքը բացառապես չի ճանաչում կամ, շատ լավ ճանաչելով, փորձում է մանիպուլացնել և երկարաձգել իր իշխանությունը: Սա շատ պարզ է: Իմ տղան 6 տարեկան է, ես իրեն բացատրում եմ այդ ամենը, ինքը հասկանում է: 

–Իշխանությունն ասում է՝ ձեր մղումներում անկեղծ չեք։ Եթե անկեղծ եք, գնացեք նույն տները կառուցեք Արցախում, պաշտպանեք Արցախը, Արցախը Ֆրանսիայի հրապարակում չեն պաշտպանում:

–Իրենց ասածը կեղծ ու սուտ է: Ես միայն մեկ թիվ ասեմ. մեր պատմական հայրենիքի ազատագրումից ի վեր, 1990-ականներից հետո ՀՅԴ-ն, որի անդամը լինելով ես հպարտանում եմ, Արցախում իրականացրել է 1 մլրդ դոլարից ավելի ներդրումներ: Դրանք մանկապարտեզներ են, դպրոցներ են, գյուղեր են, ավաններ են, որոշակի փոքր աշխատատեղեր են: Իսկ այս անգործունակ խունտան, որ հայտնվել է իշխանության ղեկին, պետական ապարատում լցված ու ՔՊ-ում ընդգրկված իր մարդկանցով երկրի համար մի հավելյալ արժեք չի ստեղծել: Եվ դրանով ինքը հպարտանում է, ասում է՝ ես ոչինչ չունեմ: Դա ասում էին 2-3 տարի առաջ, ասում էին՝ մենք ոչ մի բան չունենք, ունենք մեկ սենյականոց բնակարան: Հիմա փոխվել է, հիմա իրենց հայտարարագրերը, երբ նայում ես, արդեն հարստացել են: Այսինքն, ՀՅԴ-ին ասելով, թե գնայիք էս անեիք, էն անեիք, առնվազն անկեղծ չեն, ավելի կոպիտ բան չեմ ուզում ասել: 

–Նախօրեին ԱԺ-ում վարչապետը ներկայացնում էր 2021-ի բյուջեի կատարողականը: Պարզվեց՝ Արցախին տրամադրվել է վերջին 30 տարվա ամենամեծ աջակցությունը: Սա ցուցանիշ չէ՞: Նրանք ասում են, որ իրենց վերաբերմունքն Արցախի նկատմամբ գործով են ցույց տալիս: 

–Այդ օժանդակության հետ կապված վարչապետը թող շատ գլուխը չգովի, որովհետև այդ օժանդակությունից գոնե 100 մլն դոլարը, որ իրենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցրել են և, ոնց հասկանում եմ, բերել են բյուջե, բյուջեից փոխանցել են Արցախին օժանդակություն և տպավորություն են ուզում ստեղծել, որ մենք մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետական բյուջեի մուտքերն ավելացրինք և դրա հաշվին Արցախին մեծ օժանդակություն ենք ցույց տալիս: Վարչապետը կարող է նաև իր գլուխը գովել, թե երբևէ Ոստիկանությանը մեկ ամսում 6 մլն դոլարին համարժեք պարգևատրում չի տվել: Վարչապետը 6 մլն դոլար պարգևատրում է, որպեսզի այդ ոստիկանը փողոցներում ծեծի ու խոշտանգի իր սահմանադրական իրավունքն իրացնող, իր քաղաքական և հայակործան հայացքները չկիսող քաղաքացիներին: Թող դրա համար վարչապետը իր գլուխը գովի: 

–Իշխանությունը հայտարարում է, որ ոստիկանությունը նորմալ է աշխատում, ունի ուժ կիրառելու իրավունք, իսկ եթե խոշտանգում է եղել, դիմեք համապատասխան մարմիններին:

–Ծիծաղելի է: Այս գերհագեցած տեխնիկայի դարում եթե յութուբը բացեք, և փնտրեք 1-2 օրվա ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները, բազմահատոր քրեական նյութեր հարուցելու ապացույցներ կլինեն: Ես չեմ կարծում, թե ոստիկանության գործողությունները իրավաչափ են եղել։ Ցանկացած մարդ, ով 2 րոպե նստի համակարգչի դիմաց, կտեսնի՝ այդ գործողությունները իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ: Եթե ԱԺ պատգամավորին բերման ենթարկելը, քաշքշելը, հայհոյելը, կառավարության որևէ մասնաշենք մտնելն արգելելը իրավաչափ է, ուրեմն, այո, իշխանությունները կառուցել են այն բաստիոնը, որի մասին վարչապետը հաճախ խոսում է և խաբում ժողովրդին: 

–Իշխանությունից հարցնում են՝ կառավարության կամ նախարարության շենք մուտք գործելու իմաստը ո՞րն է, երբ կարող եք գալ ԱԺ և կառավարությանն ու նախարարներին հարցեր տալ:

–Կառավարության հետ հարցուպատասխանը տեղի է ունենալու հունիսի կեսերին: Այնպես չէ, որ ես գնում եմ որևէ նախարարություն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպելու, և ինքը պետք է որոշի, ես երբ գնամ և իմ հարցը որտեղ տամ: Դա ինձ օրենքով վերապահված իրավունք է, և ես գնում եմ դա իրացնելու: Ոստիկանն իրավունք չունի ինձ թույլ չտալու մուտք գործել որևէ շենք, որտեղ կարող եմ մտնել օրենքով։ Թե ես ինչ կհարցնեմ, նախարարին որտեղ կտեսնեմ, ինչ հարց կտամ, դա իմ խնդիրն է: Ես խոսում եմ ոստիկանության գործողության մասին: Դա նույնն է, որ ես գնամ մտնեմ իմ սեփական բնակարան, այնտեղ հայտնված ոստիկանները ասեն՝ թույլ չենք տալիս: Բացարձակ տարբերություն չկա այս երկու հանգամանքների միջև: 

–Կհաջողվի՞ հասնել վարչապետի հրաժարականին։ Իշխանությունը բացառում է դա։ 

–Մեզ համար կարևոր է մեր օրակարգը: Այդ օրակարգը վերաբերում է ամեն մի հայի։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գնալու ենք մինչև վերջ, թույլ չենք տալու, որ Հայաստանում թրքահպատակ իշխանությունները թելադրվեն ու գործեն Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերը սպասարկող օրակարգով: 

–Ինչո՞ւ որոշեցիք խորհրդարան վերադառնալ և հունիսի 3-ին արտահերթ նիստ հրավիրել:

Որովհետև իշխանություններն ամեն անգամ մանիպուլացնում են մեկ շատ պարզ հարց. վարչապետը մի անգամ հայտարարում է, որ մենք Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված նշաձողը պետք է իջեցնենք, մի քանի պատգամավորներ այդ նշաձողն արդեն պատկերացնում են Ադրբեջանի կազմում, խոսում են դրա մասին: Երկրորդ, երրորդ օրը հայտարարում է՝ ո՞վ է նման բան ասել, մենք նման օրակարգ չունենք: Եթե չունեն, թող գան ու հստակ պատասխանեն այն հարցերին, որոնք կան այդ հայտարարության մեջ: Ի վերջո, մենք 1992 թվականին ունենք Գերագույն խորհրդի ընդունած որոշում, որը բովանդակային առումով գրեթե նույն որոշումն է, ինչի մասին մենք մեր հայտարարության մեջ նշել ենք: Եթե չունեն այդպիսի օրակարգ, թող գան և ի լուր աշխարհի և մեր հայրենակիցների ցույց տան, որ իրենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու օրակարգ չունեն: Սա շատ պարզ հարցապնդում է՝ ունեն կամ չունեն: Թող գան ասեն, որ չունեն այդպիսի օրակարգ, մեզ էլ մեղադրեն, որ ժողովրդին մոլորեցնում ենք: Չեն գալիս, որովհետև ունեն և այդ օրակարգով էլ այսօր Հայաստանը առաջ են տանում: Դա այսօր Հաայստանի թիվ մեկ կարևորության օրակարգային հարցն է: Եթե այդ հարցի հետ կապված ԱԺ-ն ասելիք չունի, ուրեմն, այս խորհրդարանը երկրի համար չարիք է: 

–Եթե չարիք եք համարում, ինչո՞ւ 2021-ի ընտրություններից հետո եկաք խորհրդարան ու, ինչպես Դուք եք բնորոշում, չարիքի մաս կազմեցիք:

–Մեր խորհրդարան գնալու նպատակը իրենց գործողությունների հետ բացարձակ կապ չունի: Իրենք ստել են նաև այդ առումով: Իրենք հպարտանում են, որ գնացինք ընտրությունների, և ժողովուրդը մեզ նորից ասաց՝ շարունակեք այդ քաղաքական ուղեգիծը: Մի հատ վերցրեք ընդամենը Արցախին վերաբերվող իրենց նախընտրական ծրագրի 1-2 դրույթ կարդացեք, տեսեք՝ համընկնո՞ւմ է այսօրվա իրենց գործողություններին ու հայտարարություններին, թե ոչ: Դրանով է պայմանավորված, որ մենք ասում ենք՝ մեր քաղաքացիները ձեզ մանդատ չեն տվել Արցախը հանձնելու, որովհետև Արցախի հարցում դուք ունեցել եք 180 աստիճան այլ դիրքորոշում ու տեսակետ: Հիմա խաբում եք այդ ժողովրդին, որովհետև չեք ասել՝ մենք գնալու ենք Արցախը թողնենք Ադրբեջանի կազմում: Ճիշտ հակառակն եք ասել: 

—ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է առաջիկայում քննարկվի ընդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու խնդրով ՍԴ դիմելու հարցը՝ բացակայությունների հիմքով: Ի՞նչ եք անելու, եթե զրկվեք մանդատներից:

–Կրկնեմ՝ ես ԱԺ նախագահի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում: Ինչ մնում է մանդատից զրկել-չզրկելուն, ապա ԱԺ նախագահը չէ, որ պետք է ԱԺ պատգամավորին մանդատից զրկի, դրա համար կան հստակ ընթացակարգերը: Եթե ժամանակը գա, այդ ընթացակարգերով կշարժվենք առաջ, և կերևա՝ ով ինչից կզրկվի: ԱԺ չգնացող ընդդիմադիր պատգամավորները մեր հայրենիքի ու ապագայի հետ կապված ավելի կարևոր գործով են զբաղված, քան իրենք, որ ամբողջ աշխարհով պտտվում են։ Մենք ավելի կարևոր գործով ենք զբաղված: