Ժողովրդավարական երկրում նման բանն անթույլատրելի կլիներ, գոնե 1-2 ոստիկան կպատժվեր. Աննա Գրիգորյան

հունիսի 10, 2022

Հարցազրույց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։

–Հունիսի 3-ը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր ջրբաժանի օր, երբ պիտի պարզվեր՝ ով է ժողովրդի հետ, ով՝ ոչ: Եղա՞վ այդ ջրբաժանը։ 

–Մի քիչ հեռվից պիտի գամ։ Մենք պատրաստել էինք հայտարարության տեքստ, որտեղ հայ ժողովրդի կարմիր գծերն էին նշված, ոչ միայն «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններինը։ Մենք քաղաքական–հասարակական գործիչներին, հայ մարդուն ասում էինք՝ քաղաքական պայքարից դուրս եկեք, հասկանանք՝ եթե նույնիսկ չեք սատարում մեր քաղաքական ուժին կամ այս շարժմանը, ձեր դիրքորոշումը հայտնեք այս օրակարգի վերաբերյալ: Եթե որևէ մեկը մեզ չի սատարում, սակայն պատրաստ է պայքար մղել, որ, օրինակ, սահմանազատում և սահմանագծում իրականացնելիս նախևառաջ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, ուրեմն, այդ մարդիկ եթե ոչ ֆիզիկապես, ապա գաղափարապես մեզ հետ են: Ջրբաժանը հենց դրա մասին է, այսինքն՝ ջրբաժան այն մասով, թե ով էպաշտպանում այն օրակարգը, որը բխում է մեր երկրի, ազգի շահերից: Մենք տեսանք, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլ նաև նախարարները, ռեկտորները, տարբեր մարդիկ, որոնք ոչ ուղղակի ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության ձևավորման վրա, չեն կարողանում ոչ միայն արտաբերել այդ բառերը, այլ նաև պատրաստ չեն մտնել նման դիսկուրսի մեջ: Եթե այդկերպ են մտածում, թող մեզ ընդունեին, օրինակ, կառավարության 3-րդ մասնաշենքումև իրենց կարծիքն ասեին: Ամենազավեշտալի իրավիճակն, իհարկե, կապված է ԵՊՀ-ի ռեկտորի հետ։ Նա ներսից փակել էր դուռը, որ չկարողանանք դիկուրսի մեջ մտնել: 

–Այսինքն, ջրբաժանը տեղի՞ է ունեցել: 

–Ջրբաժանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ, կարծում եմ՝ վաղուց տեղի էր ունեցել, սա ուղղակի ամրագրումն էր: Սովորական հայ մարդը, որ միգուցե քաղաքական նրբերանգների առումով շատ մեծ պատկերացում չունի, ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի կողմից այս օրակարգի մերժմամբ շատ բան հասկացավ: 

–Ընդդիմադիրները ԵՄ գրասենյակի առջև ցույց կազմակերպեցին, պահանջեցին արձագանքել բռնություններին, հայտարարեցիք, որ ԵՄ դեսպանը լուռ ու կույր է, որ երկակի ստանդարտներ են կիրառում: Հայաստան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, նույնը պատրաստվո՞ւմ եք անել նաև նրա դեպքում: 

–Մենք որևէ առիթ բաց չենք թողնելու: Այն կեղծ թեզերը, թե միայն արևմտյան դեսպանատների մոտ ենք ակցիա անում, սխալ են: Մենք որևէ խտրություն չենք դնում: Ժողովրդավարության հետ կապված ԵՄ գրասենյակի դիմաց հարմար գտանք արտահայտվելու, որովհետև անմիջապես այդ նույն դեսպանության կողքն էին տեղի ունեցել զանգվածային բռնությունները: Ժողովրդավարական երկրներում նման բաները անթույլատրելի պետք է լինեին,և նման դեպքերից հետո գոնե 1-2 ոստիկան պետք է պատժված լինեին, իսկ մենք տեսնում ենք, որ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ գործ հարուցված չէ: Գործ ունենք երկակի ստանդարտների հետ, և ԵՄ դեսպանը, որ տարբեր առիթներով Մարտի 1-ի իրադարձությունների, դրա քաղաքական ենթատեքստի մասին է խոսում, այս պահին բացարձակապես լուռ է: Մենք այնտեղ գնացել էինք կոչով, որպեսզի դուրս գա այդ լռության ուխտից, ի վերջո, արձագանքի երկրում ստեղծված իրավիճակին, որևէ կողմ չբռնի և արձանագրի , որ տեղի են ունեցել այս-այս խախտումները, որոնք հարիր չեն ժողովրդավարական երկրին և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքեր են: 

–Տեսակետ կա, որ ընդդիմությունը փողոցային պայքարը սպառել է, նախկին ինտենսիվությամբ այլևս հանրահավաքներ չի հրավիրում: Չե՞ք կարծում, որ ինչ-որ պահի պայքարի այս տարբերակը սպառվելու է:

–Պայքարը շարունակվելու է մինչև մեր նպատակի իրականացումը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այս պահին նաև անհրաժեշտություն կա ռեֆլեկցիայի ենթարկել, հասկանալ, թե այս 1,5 ամսվա աշխատանքն ինչպիսին է եղել,և այն ավելի արդյունավետ դարձնելու համար ինչպիսի մարտավարական փոփոխություններ պետք է անել։ Ես կարծում եմ, որ այդ անհրաժեշտությունը կա: Առաջիկայում նաև տեսանելի կլինեն որոշակի փոփոխություններ, որոնք ոչ թե նպատակ են ունենալու մարման տանելու շարժումը, այլ ճիշտ հակառակը՝ նոր մարդկանց ներգրավելու, նոր արդյունավետ մեթոդներ կիրառելու, որպեսզի մեր պայքարն ավելի արդյունավետ դառնա: 

–Գանք հունիսի 3-ի դեպքերին: Շատերը նշում են, որ բախումը սադրեց Իշխան Սաղաթելյանը, երբ հայտարարեց, որ ոստիկանները պետք է հենց հիմա բացեն Դեմիրճյան փողոցը, որ իրենց առաջ փակ փողոցներ չեն կարող լինել,և իր կոչով ցուցարարները հարձակվեցին փողոցը փակած ոստիկանների վրա, մինչդեռ Պռոշյան փողոցը, որով անցնում էր երթը, բաց էր: Ո՞րն էր այս քայլի մոտիվացիան, ինչո՞ւ էր պետք ցուցարարներին տանել բախման: 

–Ժողովրդի նկատմամբ իրականացված բռնության միակ պատասխանատվությունը իշխանության վրա է: Նրանք են միակ պատասխանատուն հունիսի 3-ին ստեղծված իրավիճակի համար: Այնտեղ կային կանայք, երեխաներ: Այսինքն, խոսել այն մասին, որ մենք ենք գնացել բախման, անիմաստ է: Մենք չենք գրոհել որևէ շենքի վրա, կառավարական ամառանոցներ չենք ներխուժել: Խնդիրն այն էր, որ անհասկանալի տրամաբանությամբ փակվել էր դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհը: Ոստիկանությունն էլ պետք է ասի, թե այդ փողոցը փակելու նպատակը որն էր, բայց ակնհայտ է, որ բռնության որևէ կոչ չի եղել: Ճիշտ հակառակը, Իշխան Սաղաթելյանը մեքենայի վրա կանգնած նույնիսկ առանձին հայտարարություն արեց, որ շշեր նետել պետք չէ, հանդարտության կոչեր էր անում, միայն պատգամավորներին առաջ գնալու կոչ էր անում, որպեսզի մենք, որպես պատգամավորներ, այդ պատով կարողանանք շատ հանգիստ անցնել: Այսինքն,ասել, որ ընդդիմությունը որևէ բռնություն է գործադրել, անհեթեթություն է: Տեսեք, թե բերման ենթարկելիս ինչպես են ծեծուջարդի ենթարկում քաղաքացիներին: Ոստիկանը ոտքով հարվածում է երիտասարդ աղջկա մեջքին: Դրանից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, բուժում ստացել: Ես գնացել էի «Արմավիր» ՔԿՀ, կալանքի են տարել մի տղայի, որը ծնոտի հետ կապված լրջագույն պրոբլեմ է ունեցել ծեծվելուց հետո, բերանի ներսում կարեր են, չի կարողանում գրեթե խոսել, ուտել: Ընդամենը ջուր է խմում, բայցևայնպես, նրան տարել են կալանքի, պահում են կալանավայրում: Դրանից հետո խոսում են այն մասին, որ ընդդիմության ներկայացուցիչներն են հարձակվել: Այդ ի՞նչ դրվագ է եղել, որ ընդդիմությունն է հարձակում գործել: Այնտեղ, իհարկե, առանձին կադրեր կան, բայց ես կարծում եմ, որ այդ մարդիկ հիմնականում եղել են իշխանության ներմուծած սադրիչները: Մենքմտադրություն չենք ունեցել որևէ բախման գնալ:

–Նշեցիք, որ ձեր պայքարը շարունակվելու է մինչև այս իշխանության հեռացումը: Ինչպե՞ս եք հասնելու այդ նպատակին, երբ տեսնում ենք, որ շարժումը նոր թափ չի հավաքում։ 

–Մենք նոր մարտավարության, նոր մեթոդների, ավելի էֆեկտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն ունենք: Դրա ամբողջ իմաստն այն է, որ ոչ թե հետ ենք գնում մեր նպատակից, այլ վերադասավորվելով, նոր մարտավարությամբ ամեն բան անելու ենք ավելի մեծ քանակությամբ մարդկանց ներգրավելու համար մեր պայքարում: 

–Իշխանությունը մտադիր է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով բացակայությունների հիմքովդիմել ՍԴ: Մտահոգվա՞ծ եք: 

–Սա հերթական դրսևորումը կլինի իրենց կեղծ ժողովրդավարական արժեքների, որովհետև որևէ տեղ, նաև տարածաշրջանում, Վրաստանում ընդդիմությանը իր գործառույթները իրականացնելու համար չեն զրկում մանդատից: Այսօր մենք մեր մանդատն իրացնում ենք փողոցում, որովհետև մեզ ձայն տված մարդիկ նաև դա են պահանջում: Մենք մեր մանդատի իրացումն ենք ապահովում: Հարևան Վրաստանում էլ բավական երկար ժամանակ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ էր հայտարարել և իր պայքարն այլ ֆորմատով էր իրականացնում: Բայց էնտեղ, չգիտես ինչու, ալենսիմոնյաններ գոյություն չունեին, որ ասեին՝ ձեզ մանդատից զրկում ենք: Բայց մենք, որ ամբողջ աշխարհին ասում ենք՝ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, նրանք էլ առիթը բաց չեն թողնում ասել, որ մեր հիմնական բրենդը ժողովրդավարությունն է, նման քննարկումներ են իրականացնում: Իրենց նպատակը մեկն է՝ ինչ-որ ձևով մեզ ճնշել, իրենց նեղ, սահմանափակ մտածողությամբ կարծելով, որ դրանով հնարավոր է մեզ ճնշել,և մենք փողոցային պայքարը կթողնենք, կգնանք խորհրդարան։ Դա իրենց միայն թվում է: Իրավական տեսանկյունից մենք անխոցելի ենք այն առումով, որ քաղաքական բոյկոտը հայտարարված է, մենք նաև ժողովրդից ստացած մանդատն ենք իրացնում։ Երբ ժողովուրդը մեզ ասում էր՝ խորհրդարանում պայքարեք, մենք խորհրդարանում էինք պայքարում,հիմա ասում է՝ փողոցում ավելի ակտիվ եղեք, մենք փողոցում ենք պայքարում: 

–Ասում եք, որ իշխանությունը փորձում է ճնշել, իսկ իշխանությունն ասում է՝ թողնում ենք, որ այս պայքարն ինքն իրեն մաշի:

–Իրականում նման բան գոյություն չունի, մեր պայքարը շարունակվում է: Միայն հունիսի 3-ին, երբ թվում էր, թե լուսաձայնային նռնակների կիրառումից և զանգվածային բռնություններից հետո հազիվ թե մարդ լինի, մենք վերադարձանք Ֆրանսիայի հրապարակ, և ավելի շատ մարդ կար այնտեղ: Հաջորդ օրը՝ նույնպես: Այն մարդիկ, որոնք այդ գաղափարի կրողն են, չեն մտափոխվելու, վճռականությունը չեն կորցնելու, ճիշտ այնպես, ինչպես մենք չենք կորցնելու այդ վճռականությունը և պայքարը հասցնելու ենք ավարտին: Իրենք են մաշվել, իրենք են մաշվում տարիներ շարունակ, որովհետև 2018-ին այնպիսի լոզունգներ են հնչեցրել, որոնց մասին հիմա չեն էլ խոսում: Եթե պայքարը սովորական իշխանափոխության համար լիներ, կարող էինք այս փուլը կորցնել, հետո մի այլ դրվագում նորից նոր թափ ստանալ, բայց հիմա ունենք շատ հստակ գիտակցում, որ այս իշխանությանը հեռացնելով նոր հնարավորություն ենք ստեղծում Արցախի ապրելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: Հետևաբար, այս պայքարից որևէ մեկը չի կարող հոգնել, և մենք շարունակելու ենք մինչև վերջ: