Նիկոլ Փաշինյանի 36-ամյա օգնականը՝ գլխավոր դատախազի թեկնածու

հունիսի 17, 2022

Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու Աննա Վարդապետյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը հունիսի 16-ին Ազգային ժողովում շուրջ 2 ժամ տևեց:

«Մենք լավագույն թեկնածուին ենք առաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում», -հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

36-ամյա Աննա Վարդապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է և արդեն մեկ անգամ հայտնվել է սկանդալային պատմության մեջ. եղել էր նրա և քննիչի էլեկտրոնային նամակագրության արտահոսք, ինչից հայտնի էր դարձել, որ վարչապետի օգնականը ցուցումներ է տալիս ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու գործով: Բանն այն է, որ տարածվել էր տեսանյութ, որտեղից պարզ էր դառնում, որ Հայրապետյանների գործը քննող քննիչը դատավարական որոշումների նախնական տարբերակներն ուղարկել է Աննա Վարդապետյանին, և վերջինն էլ խմբագրել է դրանք ու կրկին հետ ուղարկել քննիչներին։

Տարածվող տեսագրության առթիվ ԱԱԾ-ում նյութեր էին նախապատրաստել, որոնց հիման վրա ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումներին և խմբագրել դրանք։

Այժմ Աննա Վարդապետյանին իշխող մեծամասնությունն առաջադրելու է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու և պնդում է՝ Վարդապետյանը լավագույնն է ու լինելու է անաչառ: «Այս պահին մեր լավագույն որոշումը տիկին Վարդապետյանի թեկնածությունն է: Մեր ընտրության տրամաբանությունը ոչ այնքան պետք է դիտարկել, թե մենք ում չենք ուզել առաջադրել, այլ թե մենք ում ենք ուզել առաջադրել», -լրագրողներին իրենց դիրքորոշումը ներկայացրեց Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թեկնածությունը նորից չառաջադրելու պատճառն այն է, որ նա ժամանակին եղել է «Հանրապետական» իշխանության թեկնածուն:

Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում նույն թեկնածուին երկու անգամ առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս աշնանը, և մինչ այդ Հայաստանի խորհրդարանը պետք է ընտրի նոր գխավոր դատախազ:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Վարդապետյանին այդ պաշտոնում առաջադրած իշխանական թիմը առանձնահատուկ սպասելիքներ չունի այս թեկնածությունից: Կոնջորյանի խոսքով, իրենց սպասելիքները արձանագրված են ՀՀ Սահմանադրության և օրենքների մեջ:

«Մեր գլխավոր սպասելիքը հենց դա է, որ գլխավոր դատախազը, գործելով Սահմանադրության և օրենքների շրջանակում, իր լիազորությունների տիրույթում ապահովի Հայաստանի իրավական և ժողովրդավարական պետություն լինելու հանգամանքը: Հավատում ենք ու համոզված ենք, որ տիկին Վարդապետյանի գիտելիքներն ու արժեքները համապատասխանում են գլխավոր դատախազի համար անհրաժեշտ չափորոշիչներին»,-նշեց Կոնջորյանը:

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչպես է կայացվել իրեն այդ պաշտոնում առաջադրելու որոշումը: Միայն նշեց, որ ստացել է առաջարկ, խնդրել է մտածել և մեկ օր անց տվել է իր համաձայնությունը:

«Կշռադատված, ոչ էմոցիոնալ որոշում կայացնելու համար գոնե 24 ժամը անհրաժեշտ է, և ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ մեկ օրը վերցնում եմ, դա իմ սովորությունն է», -լրագրողներին ասել է Վարդապետյանը: Նրա խոսքով, աշխատանքում իր համար ամենակարևորը պրոֆեսիոնալիզմն է: «Պատասխանատվությունն ահռելի է, և ես զգում եմ դա: Կարծում եմ՝ իմ գիտելիքները հնարավորություն կտան ինձ արդարացնելու հանրային ակնկալիքը այս առաջադրումից», -ասել է գլխավոր դատախազի թեկնածուն։

Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի թեկնածության մասին դիրքորոշում խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հայտնել: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ընդդիմադիր երկու խմբակցությունները, հիշեցնենք, մեկ ամսից ավելի է՝ բոյկոտել են խորհրդարանական աշխատանքը, և չի բացառվում՝ նույն կերպ վարվեն նաև այս հարցի քննարկման ժամանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևոր է համարում, որ ընդդիմությունը մասնակցի գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը, քանզի խորհրդարանական կառավարմամբ համակարգում դա է հուշում ժողովրդավարության ոգին: Բայց նաև ընդգծում է՝ հարցի քննարկմանը մասնակցելու համար իրենք ընդդիմության հետ չեն բանակցի։

«Մենք չպետք է բանակցենք, որ ընդդիմությունը ազնիվ լինի իր ընտրողների հետ ու գա աշխատանքի», -նշել է նա: