Մենք կանգնած ենք պարոն Սաղաթելյանի կողքին․ Հայկ Մամիջանյան

հունիսի 20, 2022

Հարցազրույց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, բայց Դիմադրության շարժումն ազատեց Ֆրանսիայի հրապարակը և դադարեցրեց շուրջօրյա ակցիաները։ Դա պարտություն չէ՞ր։

- Համաժողովրդական շարժման հաջողությունը կարող է լինել բացառապես Փաշինյանի հրաժարականը։ Երկրորդը՝ եթե համեմատենք Փաշինյանի ու իր երեսփոխանների հռետորաբանությունը այն տխրահռչակ նիստի ժամանակ՝ ակնարկներով և բաց տեքստով, որ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում, և հիմա, զգալի փոփոխություն կա։ Հիմա իրենք,որպես շղարշ,փորձում են օգտագործելդիվանագիտական հնարք-արտահայտություններ, որպեսզի քողարկեն իրենց իրական նպատակը։ Ես խիստ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները հանկարծ չխաբվեն այս մանիպուլյացիային և չկարծեն, որ փաշինյանական խունտան փոխել է իր նպատակները։ Ոչ։ Պարզապես վախենալով ժողովրդի ցասումից՝ փոխել են իրենց հռետորաբանությունը։ Եվ սա ոչ միայն շարժման պարտությունը չէ, այլ վտանգ է, որին մեր քաղաքացիները պիտի ուշադիր լինեն։ Եվ եթե ամեն ինչ վերջացել է, ինչպես իրենք են ասում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ հաջորդ օրն իսկ Երևանում բազմահազարանոց երթ անցկացվեց։ Վրանների գոյությունը ակցիաների գործիքներից մեկն էր, որը կփոխարինվի այլ գործիքակազմով։

- Մինչ վրանները հավաքելը ձեր ակցիաները ամենօրյա էին, բայց Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսուհետշաբաթը մեկ հանրահավաք կանեք։ Այսինքն, եթե ոչամբողջական, ապա որոշակիդադա՞ր եք վերցրել։

- Ակցիաների պարբերականությունն ու տրամաբանությունը լինելու են մի փոքր այլ, բայց դադարի պլաններ չունենք։

- Համաձա՞յն եք այն կարծիքների հետ, թե Սերժ Սարգսյանը իր «իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ, վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին» հայտարարությամբ շարժման՝ հիմնական նպատակին չհասնելու պատասխանատվությունը դրեց Իշխան Սաղաթելյանի, նույնն է՝ Ռոբերտ Քոչարյանի վրա։

- Վերջնական արդյունքները գնահատում են ավարտված գործընթացների պարագայում։ Մենք կարող ենք շատ երկար քննարկել շարժման միջանկյալ, այս պահին ձեռք բերված արդյունքները, որոնք շատ առումներով գոհացուցիչ են։ Կարևորն այն է, որ ապազգային իշխանությունների չհեռանալը գոհացուցիչ չէ, բայց միջանկյալ գնահատումը ոչ մի դեպքում չի կարելի շփոթել ամբողջական նպատակների գնահատման հետ։ Ուստի,հնարավոր չէ շարժման վերջնական արդյունքներից խոսել, քանի որ այն շարունակվում է նույն թափով և ծավալով։ Ինչ վերաբերում է պարոն Սաղաթելյանի պատասխանատվության հարցին, շարունակելով նախագահ Սարգսյանի ասածը՝ կավելացնեմ, որ մեզանից որևէ մեկը պատասխանատվությունը չի թողնի նրա վրա։ Մենք կանգնած ենք պարոն Սաղաթելյանի կողքին։

- Այնուամենայնիվ, կա ընկալում, որ շարժումն ուներ երկու թև՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները, բայց անհաջողության հիմնական պատասխանատվությունը երկրորդ ուժինն էր։

- Դա Ձեր կամ այլ շրջանակների ընկալումն էր, բայց ես պարտություն չեմ տեսնում, որ դրա պատասխանատվությունն էլ ինչ-որ մեկի վրա բարդվի։

- ԻշխանՍաղաթելյանը հայտարարեց, որ օգոստոսի 2-ից հետո, երբ լրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին, նրա նկատմամբ իմպիչմենտի գործընթաց կսկսեք։ Բայց ԱԺ-ում դուք փոքրամասնություն եք, ինչպե՞ս կարող եք դրան հասնել։

- Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և կարծում եմ՝ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեջ կլինեն մարդիկ, որոնք հստակ կգիտակցեն այն վտանգները, որոնց առջև կանգնել է Հայաստանը Փաշինյանի կառավարման օրոք։

- Ուրեմն, դուք ավելի քան երկու տասնյակ լրացուցիչ ձայնի անհրաժեշտություն ունեք, ՔՊ-ից այդքան պատգամավոր ձեզ կաջակցի՞։

- Եթե ես լինեի նրանց փոխարեն, բայց աստված մի արասցե, վայրկյան առաջ կփորձեի փրկել երկիրը։

- Իշխանությունները հակադարձում են ընդդիմությանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ իրենց «մինչև քոքը մաշեցնելու» մասին։ Ասում են՝ շարժման արդյունքում մաշվեց հենց ընդդիմությունը։

- Թող միացնեն վերջին երթի տեսագրություններն ու տեսնեն, թե քանի հոգի է մասնակցում այդ ակցիային։Մասնակցում են հազարավոր, եթե չասեմ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Նաև խնդրում եմ հաշվի առնել, որ դա ընդամենը իրազեկման երթ էր՝շաբաթ օրվա հանրահավաքից առաջ։

- Անզեն աչքով էլ կարելի էր հասկանալ, որ Ֆրանսիայի հրապարակի ձեր հանրահավաքներին ու երթերին 4-5 հազար հոգուց ավելի մարդ չէր մասնակցում։

- Իմ ու Ձեր, Ոստիկանության և Դանիել Իոաննիսյանի կարծիքները իրարից տարբերվում են մոտավորապես 10 անգամ։ Եվ որևէ մեկը չի կարող ուրախանալ այն հանգամանքի վրա, որ Հայաստանում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» գաղափարի շուրջ քիչ մարդ է հավաքվում։ Բայց քիչ մարդ չի հավաքվում, հակառակ դեպքում դա կլինի մեր երկրի ողբերգությունը։

-Իսկ չե՞ք կարծում, որ ձեր ակցիաներին շատ մարդ չի գալիս, քանի որ չի վստահում շարժման առաջնորդներին՝ նախկին իշխանություններին, և ձեզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելումանդատ չեն տալիս։

- Ֆրանսիայի հրապարակում մեր ակցիաներին մասնակցում էին ամենատարբեր մարդիկ։ Եվ եթե մարդկանց հաճելի չէ կանգնել Հայկ Մամիջանյանի, Արամ Վարդևանյանի կամ Իշխան Սաղաթելյանի կողքին, կարող են կանգնել ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի կողքին, այն երիտասարդների կողքին, որոնք օրվա ընթացքում 3-4 անգամ բերման ենթարկվելով՝ շարունակում են պայքարել։ Կարող են կանգնել մերզոհված հերոս տղաների ծնողների, մշակույթի գործիչների կողքին։ Բայց այդտեղ գալով՝ նրանք կանգնում են Արցախի և ոչ թե ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի կողքին։

- Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրվերջին ելույթում ասաց, որ նախկին իշխանություններն անցած 20 տարում տարբեր առաջարկների ու փաստաթղթերի շուրջ բանակցություններն ընդունելով՝ Արցախին Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորություն չեն թողել։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Եթե Մադրիդյան սկզբունքներըլուծման այդքան վատ ձևաչափ էին, ինչո՞ւ էիր քո նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում ներառում ու խաբեությամբ ժողովրդից քվե ստանում։ Ինչո՞ւ եմ ես ասում, թե Փաշինյանը չի կարող շահարկել 2021թ ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքը Ղարաբաղյան հակամարտության այս փուլում որովհետև այդ քվեները ստացել է խաբեությամբ։ Ինքն այդ խելքով է բանակցում, իսկ դա միջազգային հարաբերությունների դիմորդի մակարդակ է։

- Անցածնախընտրական ծրագրում, նաև կառավարության ծրագրում Մադրիդյան սկզբունքների մասին հիշատակումներ չեն եղել։ Ընդամենը կարևորված է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում»։

- Նույնիսկ դա բավարար է իմ ասածը հաստատելու համար, որովհետև ԵԱՀԿ-ի ընդունած աշխատանքային միակ փաստաթուղթը Կազանն է, որը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա։Եվ տարբերակ երկրորդ՝ նա պարզապես խաբում է ժողովրդին։ Ես վստահ եմ, որ երկրորդ տարբերակն է։ Բայց երկու տարբերակներն էլ աղետ են, և ինքը պիտի հեռանա։ Ինչ վերաբերում մեզանից ստացած ժառանգությանը կամ հանրաքվեին,իմիջայլոց՝ նաև Ալիևն էր ընդունել, թե այդ հատվածն այնպես էր գրված, որ Քելբաջարն ու Լաչինը հավերժ մնալու էին հայկական։

-Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ Հայաստանը կասեր, թե հանրաքվեն պետք է անցկացվի 5 տարի հետո, Ադրբեջանը կպնդեր՝ 50 տարի հետո։

-Զորքերի ժամանակավոր դուրս բերումն այնտեղից ուղղակիորեն կապված էր հանրաքվեի հետ։ Չէր լինի, տարածքները հավերժ կմնային հայկական։