Որևէ մեկն ընդդիմության անունից չի ասում, թե խորհրդարան չենք վերադառնալու․ Արթուր Խաչատրյան

Հարցազրույց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
-Արթուր Վանեցյանը հայտարարեց մանդատը վայր դնելու, «Պատիվ ունեմ» դաշինքի լուծարման մասին։ Ինչպե՞ս կանդրադառնա ձեր գործընկեր ընդդիմադիր գործչի այս քայլը Դիմադրության շարժման վրա: Կարծիք կա, որ Վանեցյանի գործողությունների պատճառն այն է, որ շարժման պայքարն արդյունք չտվեց։
-Համաձայն չեմ այդ մտքի հետ: Շարժումն ապակենտրոն պայքար է, տարբեր քաղաքական ուժեր, քաղաքականապես ակտիվ անհատներ են միացել և միանում շարժմանը: Արթուր Վանեցյանն էլ չի ասել, թե թողնում է շարժումը։ Նա հայտարարել է, որ դուրս է գալիս խորհրդարանից, և նշել է պատճառները։ Օրինակ, որ կան մարդիկ, որոնք ծափ են տալիս, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի միջազգային կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին: Կապ՝ Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու և շարժման հետ խնդիր ունենալու միջև, չեմ տեսնում։ Համաձայն չեմ նաև, թե Դիմադրության շարժումը հաջողության չհասավ։ Ո՛չ։ Շարժման նպատակը հայտարարված է, փոխվել են միջոցները, բայց միջոցի փոփոխությունը չի նշանակում, որ նպատակը փոխվել է: Այսինքն, տարբերությունը միջոցների փոփոխության մեջ է ընդամենը: Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելը ոչ մի կապ չուներ արտախորհրդարանական պայքարի հետ: Իր խնդիրը խորհրդարանական պայքարն է, խորհրդարանի ոչ արդյունավետ աշխատանքը: Ինքը չասաց՝ ես ինձ փողոցում չեմ տեսնում, ասաց՝ ես ինձ ԱԺ-ում չեմ տեսնում:
-Հաճախ ենք լսում, թե Դիմադրության շարժման՝ շաբաթը մեկ հրավիրվող հանրահավաքները դարձել են ինքնանպատակ, և շարժումը մարում է: Ի՞նչն է խանգարում շարժմանը՝ հասնել վերջնական նպատակներին, այն է՝ վարչապետի հրաժարականին և Արցախը փրկելուն:
-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը միջոց է Արցախի և Հայաստանի փրկությանը հասնելու համար: Փաշինյանը բառացի հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ կոչ է անում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, և ինքը չի ասել, որ առարկել է միջազգային հանրությանը: Հետո տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։ Դրան հաջորդեց Շառլ Միշելի խայտառակ հայտարարությունը: Նա խոսում էր Ղարաբաղի էթնիկ հայերի մասին: Դա ազգային փոքրամասնությանը բնորոշ եզրույթ է։ Մենք կարող ենք խոսել Թուրքիայի էթնիկ հայերի իրավունքների մասին, բայց չենք կարող խոսել Հայաստանի կամ Արցախի էթնիկ հայերի մասին: Կարող ենք խոսել Արցախի էթնիկ ադրբեջանական փոքրամասնության մասին, որովհետև ենթադրում եմ, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո ինչ-որ քանակի ադրբեջանցիներ կցանկանան վերադառնալ այնտեղ, որտեղ ապրել են մինչև 1988 թվականը: Հետո Փաշինյանն ինչ-որ բան կմկմաց՝ այդպես էլ չասելով, թե Շառլ Միշելի հայտարարության որ մասի հետ համաձայն չէ: Իսկ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին օրն արված հայտարարությունն արդեն կուլմինացիան էր։ Փաշինյանն ասաց, որ գնում ենք խաղաղության ճանապարհով, և այդ ճանապարհը մեզ ոչ մի բան չի երաշխավորում։ Երաշխավորված չէ, որ մենք կհասնենք հաջողության, չենք ունենա կորուստներ, բայց այլ տարբերակ չունենք, այլապես կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Այսինքն, հստակ ասում է, որ Ղարաբաղը պետք է տանք։ Ադրբեջանը դրանից պակասին համաձայն չէ, բայց կունենանք նաև այլ ցավոտ կորուստներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, կարող են լինել այն անկլավային տարածքները, որոնք ինչ-որ պահի Սովետական Հայաստանի 70-ամյա պատմության մեջ եղել են: Այսինքն, սա ցույց է տալիս, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են գոյութենական խնդրի առջև։ Հետևաբար, որպես առաջին քայլ, պետք է հեռացնել այն մարդուն, որը այս քաղաքականությունը վարողն է։
-Ինչպե՞ս:
-Ժողովրդական ճնշմամբ: Իշխանությունն, իհարկե, շատ կուզենա բռնություններով, սադրանքներով հրահրել պատասխան գործողություններ, որպեսզի արյուն թափվի, որովհետև իրենք սովոր են դրան: Հիշենք, թե Փաշինյանի սիրտը ինչպես էր փառավորվում, երբ այրված ոստիկանական մեքենաներ էր տեսնում: Չմոռանանք նաև, որ մի քանի օր առաջ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին հնարավոր էր պատերազմը դադարեցնել։ Այսինքն, չդադարեցնելով՝ Փաշինյանը 2000 հոգուց ավելի զինվորի մահվան անմիջական պատասխանատուն է: Նա սովոր է մահերի, ինքը, գուցե, կուզի սրել իրավիճակը, որպեսզի գնանք բախման, բայց մենք նման բան երբեք չենք անի: Երբեք չենք հանդուրժի, որ սահմանին թուրքը հային սպանի, իսկ Հայաստանի ներսում իշխանության սադրանքի հետևանքով մարդիկ զոհվեն։ Դրա համար պետք է ուղղակի մոբիլիզացնել ժողովրդին, որպեսզի հասկանա, որ Փաշինյանն այլևս կառավարել չի կարող:
-Իսկ ի՞նչն է խանգարում հանրության մոբիլիզացիային: Հնարավո՞ր է՝ ընդդիմության նկատմամբ վստահության խդիր կա, կամ օրակարգը հստակ չէ քաղաքացիների համար:
-Օրակարգը հստակ է։ Այս մարդը տանում է երկիրը կործանման և չի էլ հրաժարվում իր վտանգավոր քաղաքականությունից: Մենք ասում ենք՝ եթե չենք ուզում, որ երկիրը կործանվի, պետք է մոբիլիզացվել: Մոբիլիզացիա կա, ինտենսի՞վ է․ ոչ այնքան։ Չմոռանանք, որ Փաշինյանը ժողովրդին հասցրեց այս ապատիկ ու հուսահատ վիճակին, որովհետև միայն հուսահատված, հուսալքված ժողովուրդն է, որ հրաժարվում է պայքարել ու հաղթել: Այսինքն, պետք է ցույց տալ հույսը, ելքը, և ես կարծում եմ, որ մարդկանց թիվը կավելանա:
-Արդյո՞ք ինքնանպատակ չէ խորհրդարան չվերադառնալը: Պայքարը փողոցում դեռ հաջողության չի հասել, և ընդդիմադիրները կարող էին իրենց խոսքը ասել խորհրդարանում:
-Երկրում իրավիճակի հիմնական պատասխանատուն ՔՊ-ն է՝ վերջին մեկ տարվա իր քաղաքականությամբ: Մենք ունեինք ԱԺ նախագահի թեկնածու, իշխանությունն ապօրինի կալանավորել էր մեր թեկնածուներին։ Վկա՝ ՍԴ որոշումը։ Մեր թեկնածուները չկարողացան մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին: Արտահերթ նիստերը, որոնք մենք առաջարկում ենք, իրենք բոյկոտում են, չեն գալիս: Մենք օրենսդրական նախաձեռնություններ ենք ներկայացնում, իրենք դրանք սպանում են հանձնաժողովի մակարդակում, նույնիսկ չեն թողնում, որ մտնեն լիագումար նիստ: Պատգամավորն ունի օրենսդիր և ներկայացուցչական գործառույթներ: Իրենք չեն թողնում, որ օրենսդիր գործառույթը գործի, ընդդիմության ձեռքից խլեցին այդ գործիքը, չարաշահեցին: Մնացել է ներկայացուցչական գործառույթը, որը մենք իրականացնում ենք: Դրա համար պարտադիր չէ լինել ԱԺ պատերից ներս: Այսօր հայ ազգի համար առաջնահերթը Արցախի և Հայաստանի խնդիրն է։ Մենք այդ հարցը խորհրդարանում էլի կբարձրացնենք, իսկ իրենք էլի կփախչեն:
-Դուք հայտարարել եք, որ օգոստոսի 2-ից հետո ընդդիմությունը, հնարավոր է, վարչապետի իմպիչմենթի գործընթաց սկսի: Վարչապետի թեկնածու ունե՞ք:
-Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, և օրենքը թույլ է տալիս սկսել իմպիչմենթի գործընթաց: Կսկսենք, չենք սկսի, երբ կսկսենք, ինչ նախապայմաններ պետք է բավարարվեն՝ ապագան ցույց կտա: Դա այն գործիքն է, որը մենք ունենք, բայց մենք չենք ասել, որ սկսում ենք: Եթե ասեմ՝ կսկսենք, օգոստոսի 3-ին կզանգեք, կասեք՝ բա ե՞րբ եք սկսելու: Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ապա եթե այս վարչապետը հրաժարական տա, բնականաբար, պետք է ուրիշ վարչապետ գա: Այդ մեյմունությունը, որ ինքը հրաժարական է տալիս, բայց մնում է ժամանակավոր պաշտոնակատար՝ իր ամբողջ գործիքակազմով, լիազորություններով, անհանդուրժելի է։
-Եթե խորհրդարան չեք վերադառնում, գուցե դո՞ւք էլ ձեր մանդատները վայր դնեք:
-Ընդդիմության խոսքերն աղճատում եք արդեն երկրորդ անգամ: Ընդդիմությունն ասել է, որ ԱԺ կվերադառնա ազգի համար կարևոր օրակարգով։ Որևէ մեկն ընդդիմության անունից չի ասում, թե խորհրդարան չենք վերադառնալու: Սա սուտ, կեղծ պնդում է: Ազգի համար կարևոր օրակարգով՝ Ղարաբաղի հարց, անվտանգության խնդիրներ, կլինենք ԱԺ-ում, և այս մասին բազմիցս հայտարարել ենք:
-Իսկ ինչո՞ւ այդ կարևոր օրակարգերով չեկաք խորհրդարան և հարցեր չուղղեցիք կառավարությանը։
-Հարց ու պատասանի ձևաչափով դեբատ չի լինում․ հարց ես տալիս, ինքը գալիս գոռգոռում է, շեղում է հարցից։ Դու երկու րոպե հարց ես ձևակերպում, ինքը երեք րոպե ուրիշ բան է պատասխանում, դու մեկ րոպեում փորձում ես իրեն «բերել շողուլի», ինքը նորից գնում է: Մենք մի քանի անգամ փորձեցինք արտահերթ նիստ անել՝ Շուշիի դեկլարացիայի, Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ԱԺ դիրքորոշման հարցերով, իրենք չեկան։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր գործիքակազմից:
-Դիմադրության շարժումը դեռ որքա՞ն կշարունակի պայքարը:
-Դեռ պետք է հասնել նպատակին: Նպատակը կա, միջոցները փոփոխական են:
-Բայց օրեցօր նվազում են ձեր համակիրները:
-Այդպես չէ։ Հնարավոր է՝ մի օր հանրահավաքին շատ մարդ գա, մի օր՝ ավելի քիչ, բայց դա չի նշանակում, որ նվազում է: Եվ մյուս հարցը՝ քանի՞ մարդ կհավաքվի, եթե վաղը Փաշինյանը հանրահավաք անի: Վերջին անգամ ինքը ե՞րբ է հանրության մեջ երևացել: Գինու փառատոնի վերջին վայրկյաններին գնաց բազմաթիվ թիկնապահներով շրջապատված, ռուս տուրիստների արանքում երկու բաժակ գինի խմեց, հետո Արայիկ Հարությունյանը գրեց, թե երկու ժամ տևեց։ Բա թող ցույց տային այդ երկու ժամվա տեսագրությունը:
Շատերն ասում էին՝ եթե դուք չլինեք հրապարակում, Փաշինյանի հակառակորդները, որոնք ձեզ էլ չեն սիրում, իրենք կգան։ Դե, թող գան: Այսինքն, Դիմադրության շարժումը սպանողների թեզերը ոչինչ են:
-Օրերս Լավրովը հայտարարություններ արեց սահմանազատման ու սահմանագծման մասին: Ռուսաստանը, կարծեք, ասում է, որ ինքն ունի կոնկրետ առաջարկներ այդ ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս նախաձեռնողականությունը, երբ ստվերում է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
-Ռուսաստանն այդ մասին դեռ 1,5 տարի առաջ էր ասել, երբ սկսվեց սահմանազատման ու սահմանագծման խոսակցությունը, ու հարց առաջացավ՝ ինչպե՞ս պետք է անցնեն սահմանները։ Նրանք ասացին, որ ԳՇ-ում ունեն քարտեզներ, որոնք կարող են տրամադրել և օգնել այդ գործընթացին: Իսկ ԵՄ ի՞նչ գործընթաց է եղել: Մի քանի անգամ հանդիպեցին: Փաշինյանի հույսը 2,6 միլիարդից ինչ-որ մի բան ստանալն էր: Ի դեպ, 2,6 միլիարդն էլ, ընդգծենք, որ օգնություն չի եղել։ Դրանք ավելի շուտ պետք է լինեին վարկային միջոցներ կամ ներդրումներ եվրոպական գործընկերների կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկ, Զարգացման և Վերակառուցման եվրոպական բանկ և այլն: Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալուց հետո նույնիսկ չգիտեմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափը կպահպանվի՞, թե՞ ոչ: Այսինքն, երևի Փաշինյանի ակնկալիքը սա էր, ինչը ձախողվեց: Բրյուսելում վերջին հանդիպումը խայտառակություն էր, Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակություն էր, հետո ՌԴ նախագահին զանգել-բողոքում էր, թե Շառլ Միշելի հայտարարության մեջ ինչ-որ մի բան այն չէ: Շառլ Միշելին զանգեիր, ինչու ես զանգում Պուտինին Միշելից բողոքում: Այսինքն, ԵՄ գործընթաց, որպես այդպիսին, չկա, իսկ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընթացը կանգնած է, սա շատ մտահոգիչ է։ Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած երեք սկզբունքների հիման վրա: