Եթե հայհոյախառն բառերը հանենք, ապա Գագիկ Ջհանգիրյանը, միանշանակ, ճիշտ է․ Հովիկ Աղազարյան

Հարցազրույց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-Թեպետ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը որոշ պարզաբանումներ տվեց իր մասնակցությամբ աղմկոտ ձայնագրության մասին, բայց ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև քաղաքացիական հասարակությունն են նրա հրաժարականը պահանջում։ Չե՞ք կարծում, որ նա պետք է հրաժարական տա։
- Չեմ կարծում։ Գագիկ Ջհանգիրյանի քաղաքական ենթատեքստ պարունակող որոշ մտքերի հետ համաձայն եմ, մի մասի հետ էլ համաձայն չեմ, բայց դա չի նշանակում, որ այդ ձայնագրությունը պետք է առիթ հանդիսանա, որ նրա հրաժարականի հարցը բարձրացվի։ Մենք բոլորս երեկվանից ենք գալիս մեր բոլոր թերություններով, ոչ մեկը ապագայից չի եկել՝ ոտքերը՝ ամպոտ։ Մեր սերնդի մարդիկ գիտեն, որ դատաիրավական համակարգում աշխատող մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրել է այլ օրենքներով ու բարքերով։ Հիմա նրանք, ովքեր գտնում են, որ դա սխալ է եղել պետության զարգացման համար, փոխում են իրենց մոտեցումը և կանգնում են ճիշտ ճանապարհի վրա։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում, պետք է դուրս մղվեն, ու գան երիտասարդները։
-Բայց չէ որ հեղափոխությունից հետո հայտարարում էիք, որ չպետք է միջամտեք արդարադատությանը, չպետք է զանգեք դատավորներին ու քննիչներինև պատվերներ տաք։
- Նման իրավիճակում եթե առիթ լինի ինձ ձայնագրելու, իմ ասած խոսքերի համար ինձ տասը անգամ կգնդակահարեն։
- Դո՞ւք էլ եք հայհոյանքներ տալիս։
-Բա ինչ եմ անում։ Բարկանում ենք, նյարդայնանում ենք, կոպիտ խոսքեր ենք ասում, դրանց գնահատական տալ չի լինի։ Ըստ երևույթին, այնտեղ մտերմիկ միջավայր էր, իրար ծանոթ, հավանաբար, հարյուր անգամ իրար հետ կերած-խմած մարդիկ են։ Ինձ կարող եք հարցնել՝ պարո՛ն Աղազարյան, Դուք կաշառք վերցրե՞լ եք։ Ես կասեմ՝ երբեք չեմ վերցրել, հնարավորություն չեմ ունեցել վերցնելու։ Իսկ եթե հարցնեք՝ կաշառք տվե՞լ եք, իհարկե, տվել եմ։
- Ո՞ւմ եք տվել։
-Վաղուց էր՝ առողջական խնդիրներից ելնելով։ Կարևոր է, որ Աղազարյանը, Ջհանգիրյանը կամ Վարդազարյանը խորությամբ գիտակցեն, որ կաշառք տալը և վերցնելը խիստ բացասական երևույթ է, դրա դեմ պայքարեն և երիտասարդ սերնդին տան մաքուր հանդես գալու հնարավորություն։
-Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին առաջարկում էր հրաժարական տալ։ Դա ճնշում չէ՞։
- Նրանք ընկերներ են եղել, ի՞նչ ճնշման, միջամտության մասին է խոսքը։ Մեր միջև էլ կարող է նման խոսակցություն լինել ինչ-որ հանգույց լուծելու համար։
-Բայց Գագիկ Ջհանգիրյանը խոսում էր նաևՌուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործերը դադարեցնելու, դրա համար «գարանտ» լինելու մասին։
- Դա սեղանի շուրջ իրավաբանների խոսակցության հիմնական տերմինալոգիան է։
- Այդ ձայնագրության մեջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայհոյանք կար։ Նրա թիմակիցները մեկնաբանում են, թե Քոչարյանն այնքան ուժեղ է, և դուք այնքան եք վախենում նրանից, որ նման քայլերի եք գնում։ Վախենո՞ւմ եք նրանից։
- Որ Քոչարյանն ուժեղ է իր ֆինանսական հսկայական հնարավորություններով, ոչ մեկը դրանում չի կասկածում, բայց նրանից բացարձակապես վախ չկա։ Եթե հայհոյախառն բառերը հանենք, ապա Գագիկ Ջհանգիրյանը, միանշանակ, ճիշտ է։
- ՌոբերտՔոչարյանը, հավանաբար, մինչև հրապարակելը տեղյակ է եղել այդ ձայնագրության մասին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է թույլ տվել, որ իրեն ուղղված հայհոյանքը հնչի։
- Իրենք շեշտադրումներ են անում, թե իշխանությունը միջամտում է դատական համակարգի գործունեությանը, և իրենց այդ պնդումներին բնականության էֆեկտ ապահովելու համար չեն մոնտաժել այդ խոսքերը։ Բացի այդ, դա ևս մեկ անգամ շեշտում է Քոչարյանի գոյության հարցը։
-«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ընդդիմադիր նորուժկամ նոր բևե՞ռ է ձևավորվում։
-Ես Արթուր Վանեցյանի հետ շփվել եմ ընդամենը մեկ-երկու անգամ։ Առանձնապես որևէ բացասական բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ նա քաղաքական ասպարեզում չի կարող հաջողել, որովհետև այլ խառնվածքի տեր անձնավորություն է։ Նա տևական ժամանակ ունեցել է այնպիսի աշխատանք, որտեղ հակացուցված է եղել քաղաքականությամբ զբաղվելը, նույնիսկ՝ մտածելը։ Հետևաբար, նրա մտածողությունն այնպիսին է, որ չի կարողանա քաղաքականության մեջ հաջողել։ Նա անգամկարող էր Ազգային ժողովումավելի օգտակար լինել, եթե տաբուներ չդներ իր առջև։
-Արթուր Վանեցյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե «ես կադրային չեկիստ եմ»։ Սա առիթ տվեց մեկնաբանությունների, թե Վանեցյանը ռուսական ազդեցության կրողն է։ Չե՞ք կարծում, որ Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցությամբ գործող ուժերի թարմացում է անում, ու Արթուր Վանեցյանի քայլերը այդ տրամաբանության շրջանակում են։
- Ես երբեք նման դատողությունների մեջ չեմ մտնում, հակառակ դեպքում պատասխանները չեմ կարողանա գտնել և կխճճվեմ։ Ես միշտ դատում եմ արդյունքով։ Չպետք է նման չափազանցությունների մեջ ընկնել, որովհետև ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների կարևորությունը շատ ակնհայտ է, և շատ մեծ հակասություններ չկան։
- Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ աշնանը ընդդիմությունը վերակազմավորված կներկայանա՝ նոր ծրագրերով, միգուցե՝ նորացված դեմքերով։
- Այս կազմով՝ բացառված է։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շուրջ հավաքված մարդկանց մասին է։ Հնարավոր չէ, որ նրանք իշխանության գան։ Հակառակը, նրանք պետք է դաշտը ազատեն, որ ուրիշները առաջ գան, նրանք, ովքեր համեմատաբար մաքուր են։
- Այնուամենայնիվ,ինչո՞ւ, Ձեր կարծիքով Արթուր Վանեցյանը որոշեց հրաժարվել մանդատից։
- Այստեղ, հավանաբար, խոսում են նրա ոչ թե քաղաքական, այլ սպայի որակները։ Քաղաքական գործիչը, երևի, կասեր՝ ես իմ այս պայքարով թուլացրի իշխանություններին, հասա իմ նպատակի մի մասին և հիմա արդեն պայքարը կշարունակեմ խորհրդարանում։ Բայց քանի որ նա «չեկիստ» է, սպա է, նրա պատվին հարիր չէ, որ խոսքից հետ կանգնի։ Ես, իհարկե, գնահատում եմ նրա այդ քայլը։
- Ընդդիմության մյուս հատվածը համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե օգոստոսի 2-ից հետո, երբ լրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթաց կնախաձեռնեն։ Նրանք հույս ունեն, որ ձեր պատգամավորներից ոմանք կմիանան իրենց, չունե՞ք նման մտավախություն։
- Հիշո՞ւմ եք, երբ Արթուր Վանեցյանը սկսեց շարժումը, հայտարարում էր, որ իրեն մոտենում են ՔՊ-ական տարբեր պատգամավորներ։ Դա սուտ էր, դա քաղաքական հնարք էր, եթե 3-4 պատգամավոր լիներ, նրանց անուններն անպայման կհրապարակեին։ Նման անհանգստություն չկա, մեր թիմը բավականին կուռ է։ Եթե շատ են ուզում, թող իմպիչմենթ նախաձեռնեն, բայց նրանց թվաքանակը բավական չէ, որ արդյունք ունենան։ Թեժ աշուն՝ իրենց մասնակցությամբ, չի սպասվում։Իմ գերնպատակն այն է, որ ժողովուրդըձևավորիիշխանությունայնպես, ինչպես դա բոլորս ենք հասկանում։ Այդ դեպքում մենք կկարողանանք դիմակայել ցնցումներին, իսկ մենք դեռ տևական ժամանակ ցնցումների մեջ ենք լինելու։