Խորհրդարանը՝ առանց ընդդիմության, ընդդիմությունը՝ առանց պաշտոնների

Ազգային ժողովի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահն ու մշտական հանձնաժողովների նախագահները հրաժարական են տվել։ Պատճառները եղել են տարբեր՝ անհամաձայնությունները երկրի բարձրագույն ղեկավարության հետ, օրինակ՝ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմը, պարտությունը ընտրություններում, օրինակ՝ երբ Վահան Հովհաննիսյանը պարտվեց նախագահական ընտրություններում, կոալիցիաների փլուզումը։ Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանական պաշտոններից հրաժարվել են կամովին կամ հարկադրված, բայց ոչ օրենքի ուժով։ Օրենքի պարտադրմամբ, կամ որ այս դեպքում առավել ճշգրիտ է՝ մեծամասնության կամքով ու քվեարկությամբ խորհրդաանական պաշտոնը թողնելու ավանդույթն ստեղծեց «Իմ քայլը»՝ 7-րդ գումարման նստաշրջանում, երբ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ԱԺ որոշմամբ հեռացրեց Նաիրա Զոհրաբյանին։ Այդ ավանդույթը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիրը», որին «հաջողվեց» ԱԺ ընտրություններից ու խորհրդարանական պաշտոնների բաշխումից հազիվ մեկ տարի անց խորհրդարանը թողնել առանց ընդդիմադիր պաշտոնավորների՝ ընդամենը մեկ բացառությամբ։
***
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 6-ին, 64 ձայնով և աննախադեպ դժվար ընթացքով՝ միայն երրորդ քվեարկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ 2022-ի հուլիսի 1-ին խորհրդարանական մեծամասնությունը նրան պաշտոնանկ արեց՝ այս անգամ աննխադեպ արագությամբ։ Հիմնական զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին որևէ հարց չտրվեց, որևէ ելույթ չհնչեց։ Հարցի ներկայացումն ավարտվեց ընդամենը 10 րոպեում։
Գրեթե նույնքան տևեց նաև «Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցի ներկայացումը։ Այս դեպքում էլ հարցեր ու ելույթներ չհնչեցին։ Որոշման նախագիծը ներկայացնում էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։ Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուն գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 66 պատգամավորներ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դարձյալ դահլիճում չէին, հետևաբար, Սաղաթելյանն ու Հակոբյանը նախագծերի քննարկման ժամանակ ելույթով հանդես չեկան։
2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններն ստանձնել էին որպես ընդդիմության ներկայացուցիչներ՝ համաձայն Դոնթի բանաձևի։ Նրանք, սակայն, ըստ հիմնական զեկուցողի՝ թերացել են կատարել իրենց պարտականությունները։
Իշխան Սաղաթելյանը 2022 թ. առաջին օրացուցային կիսամյակի նիստերի 342 քվեարկությունից 198-ի ժամանակ բացակա է եղել։ Մասնակցել է ԱԺ խորհրդի 25 նիստերից միայն 7-ին։ Փոխխոսնակի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել նրան ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը եւ լիազորությունների պատվիրակումը, ինչի հետեւանքով նաեւ չեն իրացվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված դրույթները:
Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ժամանակ վիրավորական, ատելություն սերմանող արտահայտություններ է հնչեցրել ու երթերի ընթացքում բախումներ է հրահրել։
«ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը չի կատարում եւ չի ցանկանում կատարել՝ որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ՝ Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթները: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»,-ասել է զեկուցողը:
Նույնաբովանդակ տեքստ ընթերցեց նաև Ծովինար Վարդանյանը՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ։ Հակոբյանը չի մասնակցել 342 քվեարկությունից 194-ին: Ութերորդ գումարման ընթացքում 20 անգամ բացակայել է Ազգային ժողովի Խորհրդի նիստերից, չի ստորագրել տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծերը, չի մասնակցել նիստերի նախապատրատման, կազմակերպման աշխատանքներին, չի նախագահել 11 նիստ։
***
Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից հետո տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողնելու մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Տարբեր հանձնաժողովներում փոխնախագահների իրենց զբաղվածությունից հրաժարվեցին «Հայաստանից»՝ Արթուր Խաչատրյանը, Թադևոս Ավետիսյանը և «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։ Այս պահին խորհրդարանական ընդդիմությունից պաշտոնից չի հրաժարվել միայն մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ, «Պատիվ ունեմ»-ի անդամ Թագուհի Թովմասյանը։ Այս պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը զիջել էր «Պատիվ ունեմ»-ին՝ որպես բարի կամքի դրսևորում․մանդատների քանակը ՊՈւ-ին թույլ չէր տալիս զբաղեցնել հանձնաժողովի նախագահի պաշտոն։