Նիստեր հանձնաժողովներում՝ նստաշրջանից առաջ

հունվարի 11, 2023

Հունվարի 16-ին կսկսվի 8-րդ գումարման Ազգային ժողովի հերթական՝ 5-րդ նստաշրջանի աշխատանքը։ Նստաշրջանին ընդառաջ՝ նիստեր են հրավիրել խորհրդարանական մշտական հանձնաժողովները։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը հունվարի 11-ին էր։ Օրակարգում ընդամենը երկու նախագիծ էր՝ մեկը ներկայացրել էր կառավարությունը, մյուսը՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը։ Կառավարության նախագիծը՝ դրական եզրակացությամբ, ընդգրկվեց առաջիկա նիստերի օրակարգ, իսկ ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։ Նախագիծը ներկայացնում էր պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում սա նրա վերջին աշխատանքային նիստն էր․Նազարյանը հայտարարեց, որ հեռանում է հանձնաժողովից, քանի որ «Հայաստան» խմբակցությունը որոշել է փոփոխել հանձնաժողովներում իր ներկայացուցիչների կազմը։ Գեղամ Նազարյանին կփոխարինի Արգիշտի Գևորգյանը։

«Հայաստան» խմբակցությունը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կունենա ևս մեկ նոր անդամ՝ Աննա Գրիգորյանը՝ մանդատը վայր դրած Արթուր Ղազինյանի փոխարեն։

Առաջին նիստը՝ վիճաբանությամբ

Այսօրվա նիստն սկսվեց Աննա Գրիգորյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վեճով։ Երբ վերջինը փորձեց ողջունել Աննա Գրիգորյանին, նա ասաց․

«Պարո՛ն Քոչարյան, Ձեզ խնդրում եմ նիստը վարել առանց իմ անունը ավելորդ շահարկելու»: Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը Աննա Գրիգորյանին դիմում էր «գործընկեր պատգամավորուհի» բառերով։ Նիստի ընթացքում էլ, երբ Աննա Գրիգորյանը Քոչարյանին մեղադրեց իր հասցեին «բամբասկոտ կնոջ» նման խոսելու մեջ, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց․ «Բամբասկոտ կինը Ձեր ամուսինն ա, լռե՛ք, է՞ս ինչ բան է, մի հատ հավաքե՛ք Ձեզ»:

«Ո՞նց կարելի է գաղափարը բերել ու տապալել». «Հայաստան»–ի նախագիծը երկու ամսով հետաձգվեց

«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը ներկայացնելիս՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ նախագծի վրա աշխատել է զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները համադրելուց հետո: «Այս նախագիծը ոչ միայն ես կամ «Հայաստան» խմբակցությունն ենք ներկայացնում, այլ մի մեծ համայնք՝ նահատակ տղերքի ընտանիքները», -նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ փաստաթղթով փորձ է արվում առողջացնել հանրությանը։ Նազարյանը մեղադրեց կառավարությանն ու հանրության այն հատվածին, որը տոնակատարությունների ժամանակ ուրախանում է, հրավառություններ կազմակերպում՝ անտեսելով զավակին կորցրած ծնողների վիշտը:

Նախագծով առաջարկվում է որպես երաշխիքներ՝ ներառել հիպոտեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, որոշակի ծախսերի փոխհատուցումը և այլ արտոնություններ: «Այս օրինագծի ընդունման դեպքում զոհված զինվորականի ընտանիքներն այլևս գլուխը չեն ջարդելու հասկանալու համար, թե ինչպես կամ ում օգնությամբ է վճարելու մինչև պատերազմը վերցրած հիպոտեթային վարկը, ինչպես է լուծելու բուժման հետ կապված խնդիրները, վճարելու գույքահարկը, հողի հարկը, կոմունալ ծախսերը։ Հերոսի կնոջը կօգնենք, որ հերթերի մեջ չտանջվի, անհանգստություններ, վախեր չունենան», -ներկայացրեց Գեղամ Նազարյանը:

Հանձնաժողովի անդամ ՔՊ–ական պատգամավորները նկատեցին, որ Նազարյանի ելույթն ավելի շատ քաղաքական էր ու ընդհանուր, և օրինագծի բուն բովանդակությունը չներկայացվեց, չմասնավորեցվեց՝ ինչ է առաջարկվում ու ինչպես:

Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ, օրինակ, առաջարկվում է, որ պետությունն իր վրա վերցնի զոհված զինվորականի հիպոթեքային վարկի վճարումը և ոչ թե թողնի «բանկերի բարի կամքին»:

Հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանը նախագծի գաղափարը ողջունեց, բայց ասաց՝ թերություններ ունի: «Զարմացած եմ՝ ո՞նց կարելի է սեփական գաղափարը բերել ու տապալել, զարմացած եմ: Ես կարծում եմ, որ նմանատիպ նախագիծ  Հայաստանի Հանրապետությունը, որպես օրենք, պետք է ունենա, բայց նյութի տակ չկան փաստարկներ, հիմնավորումներ: Ես, օրինակ՝ կառավարությունից, բանկերից տվյալներ կվերցնեի ու կդնեի այս նախագծի հիմքով, որ կառավարությունը հարց տար, կարողանայի պատասխանել»,- նշեց Վ․ Գաբրիելյանը:

Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն չէր տվել։ Նիստին մասնակցող Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գնահատմամբ՝ գաղափարը լավն է, սակայն զուրկ է հաշվարկներից ու հիմնավորումներից:

ՊՆ-ի բացասական եզրակացությունն էլ, Գեղամ Նազարյանի խոսքով, պատճառ էր դարձել, որ նա հեռանա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման արդյունքներով առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել` միասնական ընթացակարգային քննարկումներ անցկացնելու համար: Գեղամ Նազարյանը ընդունեց առաջարկն ու պատգամավորների դիտողությունները և համաձայնեց, որ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվի մինչև 2 ամիս ժամկետով: 

Հանձնաժողովի օրակարգի երկրորդ հարցը՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, դրական եզրակացությամբ ընդգրկվեց նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգ։ Ըստ հեղինակի՝ կառավարության հիմնավորումների, նախատեսվող փոփոխությունները բխում են նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի պահանջներից: Առաջարկվում է օրենքի պարտադրմամբ և կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալված անձանց պահման վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները։