Քննիչ հանձնաժողովի ստեղծումից մեկ տարի անց Ն․ Փաշինյանը չի հարցաքննվել

մարտի 10, 2023

2022–ի փետրվարին ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը աշխատում է խիստ գաղտնիության պայմաններում: Այն, համաձայն օրենքի, ղեկավարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նախորդ՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում Անդրանիկ Քոչարյանը յուրաքանչյուր նիստից հետո հանդես էր գալիս հայտարարություններով, ասուլիսներով, այս դեպքում հակառակն է՝ լրագրողների հարցերին պատասխանում է դժկամությամբ, կցկտուր: Հանձնաժողովի նիստերի, դրանց հրավիրվող անձանց վերաբերյալ ԱԺ պաշտոնական կայքում հաղորդագրություններ չկան: Միայն տեղեկություն է՝ հանձնաժողովի ստեղծման ու գործունեության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեցական ամսով: 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի գործունեությունը նախորդ տարվա հոկտեմբերին մեկ անգամ երկարեցվել է, և մեկ ամսից, հավանաբար, անհրաժեշտ կլինի ևս վեց ամսով երկարաձգել դրա գործունեության ժամկետը:

Այս քննիչ հանձնաժողովը ամբողջությամբ իշխող ուժի՝ ՔՊ խմբակցության «տիրապետության տակ է»․ ընդդիմադիր խմբակցությունները, կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը, բոյկոտել ու չեն մասնակցում նիստերին: Փոխարենը իշխանությունը, փորձելով հավասարակշռել հանձնաժողովի կազմը, հնարավորություն է տվել Քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցել հիմնականում իշխանամերձ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին։ Նրանցից մեկը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է, որը, սակայն, կարճ ժամանակ անց հրաժարվեց մասնակցությունից։ Մյուսը երկուսը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն ու «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն են։

Հանձնաժողովի գործունեության ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել, մասնավորապես, հրավիրվել են քաղաքական ու ռազմական գործիչներ, որոնք կտրուկ հրաժարվել են ներկայանալ: Օրինակ՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը հրաժարվել էր ներկայանալ, երկու հիմնավորում էր բերել։ Նախ նշել էր, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծ և ազնիվ լինելուն, երկրորդ` բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ևս հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե չի պատրաստվում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերին, որովհետև դա քաղաքական գործընթաց է:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը պատադիր է համարում պաշտոնատար անձանց՝ Քննիչ հանձնաժողովին ներկայանալը ու պատգամավորների հարցերին պատասխանելը: Մինչդեռ այլ անձինք ընդամենը ունեն ներկայանալու իրավունք և կարող են չներկայանալ կամ ներկայանալ ու չպատասխանել հանձնաժողովի հարցերին: ՔՊ–ական պատգամավորները մտադիր էին կարգավորել այս հարցը՝ փոփոխություններ կատարելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Այս փոփոխություններով սահմանվելու են պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ նրանց նկատմամբ, ովքեր չեն ցանկանա ներկայանալ հանձնաժողով: Օրինագիծը դեռ քննարկման փուլում է:

2022-ի հոկտեմբերին, երբ ԱԺ–ն քննարկում էր հանձնաժողովի գործունեությունը ևս վեց ամսով երկարաձգելու հնարավորության հարցը, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է 2022-ի հունիսի վերջին ՊՆից պահանջված փաստաթղթերի փաթեթը։ «Այն ներառում է շուրջ 3500 օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր` 10 000–ից ավելի էջ ծավալով, որը դեռ վերջնական չէ։ Այս երկու օրվա ընթացքում ստացել ենք էլի մեծ ծավալով մեզ հետաքրքրող փաստաղթեր ՊՆից, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում»,– աշխատանքի ծավալը ներկայացրել էր Քոչարյանը։

Հանձնաժողովի ստեղծումից անմիջապես հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով, քանի որ դա հենց Փաշինյանի ցանկությունն է։ Այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն հարցերին պատասխանելու նպատակով վարչապետին քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին որևէ տեղեկություն չկա:

Հայտնի է, սակայն, որ 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փետրվարի 24-ին հարցաքննել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին։ Պատերազմի ժամանակ նա զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նիստը եղել է փակ, հարցաքննությունը տևել է չորս ժամ: Քոչարյանը լրատվամիջոցներին ասել է, որ Ասրյանը պատասխանել է 100-ից ավելի հարցերի: «Հանդիպումը տվեց հնարավորություն արդեն հստակություն մտցնել հրավիրյալների ցուցակի մեջ: Առաջիկայում զորքերի հրամանատարներ կլինեն, Արցախի իշխանություններից հրավիրյալներ կլինեն, ընդհուպ՝ Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը, պաշտպանության բանակի հրամանատարը կլինի, հետախուզության պետը կլինի», -Factor.am-ին ասել էր Քոչարյանը:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը հաստատվեց գաղտնիության պայմաններում, դրա բովանդակությունը հանրությանը մնաց անհայտ: Քաղհասարակությունը մտավախություն ունի, որ նույն ճակատագիրն սպասվում է նաև այս քննիչ հանձնաժողովին: