12,6 տոկոս տնտեսական աճ, 20 հեռախոսազրույց Պուտինի հետ․ կառավարության գործունեության զեկույցն Ազգային ժողովում է

մարտի 13, 2023

«2022թ․ արդյունքներով ՀՀ գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը»,- այս նախադասությամբ է սկսվում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Այսուհանդերձ, կառավարությունը 2022 թվականը համարում է լայնածավալ բարեփոխումների տարի, որոնց արդյունքում գրանցվել է վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճ։ Կառավարությունն իր գործունեության զեկույցը ներկայացրել է խորհրդարանի դատին և մարտի 13-ից ԱԺ մշտական հանձնաժողովները կսկսեն դրա քննարկումը։

Հայաստան և Արցախ

Գործադիրի զեկույցի հենց սկզբում շեշտվում է, որ անցած տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն ու այդ իրադրաձությունների հետևանքով ստեղծված ճգնաժամը թույլ չի տվել ողջ ռեսուրսները կենտրոնացնել զարգացման շուրջ:

Իսկ 2021-2022թթ․ ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր, դրա ուղիղ կեսի չափ էլ օկուպացրել էր դեռևս 1990-ականներին:

Զեկույցի այդ հատվածում կառավարությունը թվարկում է, թե սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ինչ քայլեր է արել՝ միջազգային որ կառույցներին ու երկրներին է դիմել, ում հետ ինչ հանդիպումներ են եղել, և ինչ արձագանքներ ու հայտարարություններ են հնչել։ Որպես արդյունք՝ առայժմ նշվում է այն, որ 2022թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ հանդիպումը, որի ժամանակ անդամների գերակշիռ մեծամասնությունն Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել միջանցքի շրջափակումն ու ապահովել միջազգային կառույցների մուտքը ԼՂ։

Արդյունք է համարում նաև այն, որ ԵՄ-ն 2 տարով դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան: Եվ վերջապես, փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարելով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ-ի հայցը՝ Ադրբեջանին պարտավորեցրել է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:

Կառավարությունը թվարկել է նաև անցած տարի Ադրբեջանի հետ վարած բանակցային քայլերը։

Արտաքին հարաբերություններ և Թուրքիա

2022թ․ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպել են 6 անգամ, 20 անգամ էլ հեռախոսով են զրուցել: Եվ ՀՀ-ՌԴ բաժնում նշված են բոլոր այն հանդիպումներն ու միջոցառումները, որոնք անցած տարի եղել են երկու երկրների մասնակցությամբ։

Նույնը վերաբերում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու մյուս երկրներին։ ԱՄՆ-ի դեպքում հիշարժան է այդ երկրի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, Ֆրանսիայի դեպքում՝ այդ երկրի նախագահ Է․ Մակրոնի հետ Ն․Փաշինյանի 3 հանդիպումներն ու հեռախոսազրույցները։ Առանձին բաժիններով անդրադարձ կա նաև հարևան երկրների հետ հարաբերություններին։ Օրինակ, Իրանը հյուպատոսություն է բացել Սյունիքում։

Այս անգամ հատուկ բաժին ու ասելիք կար նաև Թուրքիայի մասին՝ 2022թ․ մեկնարկել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը, նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են 4 հանդիպում։ Բացի այդ, հուլիսի 11-ին Ն․Փաշինյանն ու այդ երկրի նախագահ Էրդողանն առաջին անգամ հեռախոսով զրուցել ու իրար շնորհավորել են հոգևոր՝ Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ։ Հոկտեմբերի 6-ին էլ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Պրահայում։

Այնուհետև, թվարկվում է, որ փետրվարին այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, փրկարարական խումբ և օգնություն ուղարկելը, դրա համար Մարգարայի անցակետի բացումը, Ն․Փաշինյանի զանգը Էրդողանին և այլն։ Նշված է նաև, որ հունվարի 1-ից Թուրքիան չեղարկել է Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը, բայց չի նշվել, որ մինչ այժմ ուղղակի բեռնափոխադրում չի իրականացվել։

Անվտանգություն

«44-օրյա պատերազմում կրած պարտությունն ահռելի բացասական ազդեցություն է ունեցել բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի, նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի վրա, բայց նշված խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը հանգեցնում է եզրակացության, որ այդ ամենը ոչ թե հետևանք է, այլ պատճառ»,- նշված է այս բաժնում:

Որպես պատճառներից մեկը՝ շեշտվում է տասնամյակներ շարունակ բանակում քրեական ենթամշակույթի առկայությունը։ Իսկ այդ պայմաններում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակը, զինվորական ծառայության, պետական արժեքային և կառուցակարգային համակարգի կիսակատար և մակերեսային ընկալումը պարարտ հող են ստեղծել անառողջ միջանձնային հարաբերությունների, կոռուպցիայի, անգամ դավաճանության համար: «Ավելի քան 5 տասնյակ զինծառայողներ որպես մեղադրյալ ներգրավված են օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին լրտեսության գործերով, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ անցնում են տարբեր քրեական գործերով, որոնք իրենց բնույթով ի հայտ են բերում բանակում առկա այնպիսի խորքային արատավոր երևույթներ, որոնք սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը»,- ասում է կառավարությունը։

Որպես այդ ամենի հաղթահարման միջոց՝ կառավարությունը դիտարկում է բանակում իրականացնել խոր և համապարփակ բարեփոխումներ՝ կառուցվածքային փոփոխություններ, ատեստավորում, զինծառայողների մասնագիտական որակի և վարձատրության բարձրացում, բնակարանային ու սոցիալական այլ երաշխիքներ, սպառազինության արդիականացում, սահմանների կահավորում և այլն։

Տնտեսություն

Առևտուրն ու ծառայություններն աճել են 17,7%, շինարարությունը՝ 18,8%, արդյունաբերությունը՝ 6,4%-ով, արտահանումը՝ 54,4%-ով, և ընդհանրապես անցած տարի Հայաստանի տնտեսությունն աճել է 12,6 տոկոսով։

Բացարձակ ռեկորդ է համարվում 704 հազար աշխատատեղերի գրանցումը, ինչը 45 հազարով ավելին է 2021թ․ դեկտեմբերի, շուրջ 156 հազարով՝ 2018-ի մայիսի նույն ցուցանիշի համեմատ: Անցած տարի գործազրկության մակարդակը նվազել և կազմել է 13% նախորդ տարվա 15,5%-ի համեմատ։ Իսկ բարձրացումների արդյունքում միջին կենսաթոշակը դարձել է 46 200 դրամ՝ 43 500 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակը՝ 31 600 դրամ՝ 26 500-ի փոխարեն։

Անցած տարվա ձեռքբերումների թվում հիշատակվում է Հայաստանի առաջին տիեզերական Արմսաթ1 արբանյակի դուրս բերումը Երկիր մոլորակի ուղեծիր։ Ձեռքբերում է համարվում նաև էներգետիկ շուկայի ազատականացումը՝ 2022թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ օրական սպառվող էլեկտրաէներգիայի 13,8%-ը վաճառվել է ազատ շուկայում՝ չկարգավորվող գներով։

Տնտեսության այլ ոլորտներում կատարված աշխատանքներից են Կոտայքի մարզի Մարմարիկի ջրամբարի ջրծեծ-ջրմարիչ հանգույցի վերակառուցումը, 2877 գծմ ջրանցքների և 1352 գծմ երկարությամբ խողովակաշարերի կառուցումը: Հիմնանորոգվել, միջին չափով նորոգվել և վերակառուցվել են շուրջ 530 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ: Ավարտվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի (ԹալինԼանջիկ՝ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի՝ 27,5 կմ) շրջանակում Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Զուգահեռ ընթացել են նաև Լանջիկ-Գյումրի շուրջ 27,5 կմ հատվածի շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2023թ․:

Եվ վերջապես կառավարությունը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր համար ունի սկզբունքային նշանակություն: Այս առումով անհանգստացնող ահազանգ է համարում այն, որ «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022 թ.» զեկույցում Հայաստանը գրանցել է հետընթաց․ 180 երկրների շարքում զբաղեցրել է 63-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջելով 5 հորիզոնականով։ Թվարկվում է նաև, թե ինչ քայլեր են կատարվել ու կատարվում կոռուպցիան նվազեցնելու նպատակով։

83 էջից բաղկացած հաշվետվությունը մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։